Հարցազրույց քաղաքագետ, «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ
Պարոն Ղուկասյան, արտահերթ ընտրությունների քարոզարշավը մի քանի օրից ավարտվում է, Դուք ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:
-Հայհոյանքների եւ սպառնալիքների աննախադեպ տեսարանի ականատես եղանք: Փաշինյանը, որը նախկինում առաջարկում էր բաց ձեռքերով քաղաքական հարցերը լուծել այսօր մուրճով է ման գալիս: Սա դարձել է քաղաքացիների համար մտահոգիչ երեւույթ եւ մարդիկ ունեն մտավախություն, որ այս քվերակությունն ավարտվելու է արյունալի բախումներով:
Իշխանությունները մշտապես խոսում են բռնության բացառման մասին, անգամ իրենց եզրափակիչ հանրահավաքի օրը փոխեցին, որ Քոչարյանի համակիրների հետ բախումներ չլինեն…
-Իրենց պատասխանատվությունն է, որ նման բան չլինի, բայց այն որ բովանդակային բանավեճերը վերածվեցին անձնական վրեժխնդրության բացասաբար ազդում է ընտրողների վրա: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Քոչարյանը բովանդակային քաղաքական կոնտենտ չեն տալիս հանրությանը եւ ամբողջ քարոզարշավը պտտվում է իրենց անձնական հարաբերությունների շուրջ:
Իսկ ինչու՞ այդպես եղավ, որ մենք ծրագրային-գաղափարական պայքարի փոխարեն սպառնալիքների եւ ատելության ականատես եղանք:
-Երկու պատճառ կա: Առաջինն այն է, որ Հայաստանում տեղի չունեցավ լյուստրացիա 2008 թվականից հետո՝ այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք համախմբվել էին իշխանության յուրացման շուրջ: Այդ ուժերի ներկայացուցիչներն առնվազն տասը տարով Հայաստանում պետք է զրկվեին պետական կառավարման ընտրություններին մասնակցելուց: Իշխող ուժն իր մեջ կամք չգտավ քաղաքական գնահատական տալ օլիգարխիկ կառավարող ռեժիմին, էլ ուր մնաց լյուստարացիա աներ: Այսօր այդ ուժերը մասնակցում են ընտրություններին եւ մասնակցում են իրենց ավանդական տեխնալոգիաներով՝ ընտրակաշառի խոստումներ տալով:
Երկրորդ գործոնն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ մասնակցել այս ընտրություններին, քանի որ պարտված ուժը պետք է հեռանար եւ հնարավորություն տար մեր հանրությանը գնալ առաջ: Փաշինյանի առաջադրումը նշանակում է, որ ինքը չի ընդունում իր պատասխանատվությունը մեր պարտության համար եւ փորձում է այսօր ամբողջ հանրությանն ահաբեկելով պատասխանատվության տակ դնել մեր քաղաքացիներին իր որոշումների համար՝ այդ թվում, ՌԴ-ի հետ եռակողմ նոր փաստաթղթի ստորագրումով, որը նախատեսում է կնքել ընտրություններից հետո՝ սահմանների ճշգրտումների վերաբերյալ:
Այս տեսակ քարոզարշավն ընտրությունների արդյունքերի վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ:
-Պարոն Ղուկասյան, իսկ այս պայմաններում քաղաքացին ինչպիսի՞ ընտրություն կկատարի, երբ մեծամասամբ տեսել է ոչ թե գաղափարական պայքար, այլ սպառնալիքներ:
-Ես համամիտ չեմ, որ չի եղել գաղափարական խոսք: Նայեք մեր ծրագրերը, որտեղ որ մենք քաղաքացիներին առաջարկել ենք հստակ ծրագրեր: Մինչեւ տարեվերջ Ֆրանսիայի հետ կնքելու ենք ռազմաքաղաքական պայմանագիր հայկական բանակի վերակազմավորման համար՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Արցախի անկախության ճանաչման հարցն ենք բերելու ՄԱԿ-ի օրակարգ: Ներկայացրել են տնտեսական ծրագրեր, թե ինչպես դրսի ներդրողներին պետք է ներգրավենք Հայաստան: Ես կարծում եմ, որ մեր ուժն ընտրողների համար ներկայանում է բովանդակային դաշինք:
Ընտրությունների ելքը ինչպիսի՞ն կլինի: Կձեւավորվի՞ իշխանություն, թե՞ երկրորդ փուլ կլինի:
Ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է, ոչ մի քաղաքական ուժ շանսեր չունի մեծամասնությունը ստանալ առաջին փուլում, ինչպես նաեւ հավանական կոալիցիաները չեն հավաքում անհրաժեշտ քվեները:
Ու՞մ միջեւ կլինի պայքարը:
Մենք պայքարում ենք, որ մտնենք երկորդ փուլ: Երեւանում կատարված հարցումներով մենք գտնվում ենք երրորդ տեղում: Երեւանում 120 հազար քաղաքացի, ըստ մեր հարցումների, չի կողմնորոշվել ընտրության մեջ: Մենք ամենինչ անելու ենք, որ այդ ուժերին համախմբենք մեր շուրջ:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: