«Քաղաքացիական պայմանագիր» կուսկացությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ էր իրականացնում Սյունիքի մարզում: Փաշինյանի նախընտրական հանդիպումները լուսաբանում էին Երեւանից մեկնած լրագրողները, որի ընթացքում Փաշինյանի համակիրները խոչընդոտել են են լրագրողների աշխատանքը, թույլ չեն տվել լրագրողներին հարցեր տալ հավաքի մասնակիցներին եւ մեղադրել են կաշառված լինելու մեջ:
Գորիսում Փաշինյանը եւ իր թիմակիցները բնակիչների հետ հանդիպումից հետո երթ են իրականացրել Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակի հարակից փողոցներում: Երթի ընթացքում լրագրողները նկատել են ՔՊԿ-ի տարբերանշանով միկրոավտոբուսներ եւ ուղեւորներից հետաքրքրվել, թե որտեղից եւ ինչու են եկել:
«Մենք Երեւանից ենք, մեր անձնական մեքենայով ենք եկել, երեխաներս երթին են մասնակցում, ես Երեւանի բնակիչ եմ»,- նշեց մի կին, որը միկրոավտոբուսի ուղեւորներից էր: Մեկ այլ կին էլ մանրամասնեց. «Երեւանից եմ եկել, որ սյունեցիներին բարեւ բերեմ»:
Լրագրողները փորձում էին հասկանալ արդյո՞ք այս քաղաքացիները Երեւանից եկել են որպեսզի հավաքը բազմամարդ լինի, քանի որ նման տեղեկություններ կան, որ ՔՊ-ն մարզային այցերին իր հետ քաղաքացիներ է տանում: Այդ ընթացքում լրագրողներին մոտեցավ միջին տարիքի մի տղամարդ (լուսանկարում) եւ միանգամից հարցրեց. «Պրավակացոն հարցեր են տալի՞ս», որին ի պատասխան լրագրողնեի հարցերին պատասխանող կանանցից մեկն ասաց. «Այո, պրովոկոցիոն հարցեր է տալիս»:
Այդ պահին լրագրողներին մոտեցած տղամարդը կոպիտ ձեւով նաեւ ֆիզիկական ուժ գործադրելով լրագրողներին եւ օպերատորներին պահանջեց հեռանալ Գորիսից: «Հեռացեք այստեղից, Գորիսից, Սյունիքից հեռացեք, հեռացե՛ք արա, հանգիստ թողեք մեր ժողովրդին»,- ասաց նա եւ սկսեց հրմշտել, վիրավորել լրագրողներին, փորձեց հարվածել օպերատորներից մեկին, սակայն, այլ անձանց միջամտությամբ այն կանխվեց:
Մյուս ներկաները լրագրողներին մեղադրեցին կաշառցված լինելու եւ այլ քաղաքական ուժերի շահեր սպասարկելու մեջ: «Քոչարյանի շահերն են պաշտպանում…ինչ հարցեր եք տալի՞, փողն այդպես բոլորիդ փչացնու՞մ ա»,- ասաց նրանցից մեկը:
Միջադեպի պահին այդ փողոցով անցնում էր ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը, բայց նա որեւէ կերպ չմիջամտեց: Լրագրողները մարզի մյուս քաղաքներում մասնագիտական պարտականությունները կատարելիս որեւէ խնդրի չբախվեցին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: