Ստացվել է առերևույթ ընտրական հանցագործության վերաբերյալ 138 հաղորդում

57

Արտահերթ ընտրությունների կապակցությամբ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախընտրական շրջանի հետ կապված հունիսի 14-ի տվյալներով ստացվել և ուսումնասիրվել է ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ ընդհանուր 140 հաղորդում, ահազանգ:

Դատախազությունից փոխանցում են, որ հաղորդումներով ներկայացված առերևույթ հանցավոր իրավախախտումներից 86-ը վերաբերում են ընտրակաշառք տալուն, 9-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 24-ը՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելուն, իսկ 19-ը այլ բնույթի են:

Վերոնշյալ 138 հաղորդումներից 42-ը ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ: Արդյունքում դրանցից 10-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 26-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 6 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Նշված քրեական գործերից երկուսով 10 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 2-ը հանդիսացել են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պատգամավորության ցուցակներում ընդգրկված թեկնածուներ, հաղորդում է գլխավոր դատախազության լրատվականը: Նշվածներից 3 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: