«Հաշմանդամ են նրանք, ում սիրտն ու ուղեղը լավ չի աշխատում». Դավիթ Ամալյան

142

Պատերազմով անցած երիտասարդները ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական վերականգնման կարիք ունեն: Այս նպատակով Խնկո ապոր անվան ազգային մանկական գրադարանը սկսել է մշակութային միջոցառումների շարք , որի շրջանակներում Կուրորտաբանության եւ Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում բուժվող զինծառայողներին երեկ մշակութային գործիչներ էին այցելել:

Գրադարանի փոխտնօրեն Մադլեն Հովսեփյանի խոսքով,  հայրենիքը պաշտպանողներին սատարելու, պատերազմի բարոյահոգեբանական ազդեցությունը փոքր-ինչ մեղմելու նպատակով իրականացվում է հեղինակային «Բալասան» խորագրով միջոցառումների շարք, որի հիմնական թիրախային խումբը Արցախյան պատերազմի ընթացքում վիրավորում ստացած եւ հիվանդանոցային պայմաններում ապաքինվող ռազմիկներն են եւ զոհված զինծառայողների ընտանիքների անչափահաս երեխաները: Ծրագրի շրջանակում իրականացվում են միջոցառումներ ապաքինվող զինծառայողների հետ` իրենց բուժման եւ վերականգնման վայրերում: Նախատեսվում է, որ ապաքինումից հետո նրանց համար կկազմակերպվեն միջոցառումներ նաեւ գրադարանում:

Կուրորտաբանության եւ Ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բուժական գծով փոխտնօրեն Արմինե Հովակիմյանն ասում է` անցած տարվա նոյեմբերիից 2- ից մինչ օրս իրենց մոտ վերականգնվել է պատերազմի ժամանակ վնասվածք ստացած ավելի քան 750 հոգի. «Հիմնական վնասվածքները եղել են ականաբեկորային: Այսօր 11 բուժվող ունենք: Վերջին շրջանում դուրսգրումները շատ են եղել: Մենք հպարտանում ենք, որ նրանց թիվը այսքան կրճատվել է, քանի որ մեզ մոտ բուժվել են նրանք, ովքեր որ վերականգնվել են ու վերադարձել են զորամաս»:

Խոսելով պատերազմով անցած անձանց հոգեբանական աջակցության մասին, Հովակիմյանը նշեց` իրենք այժմ նաեւ հոգեբան ունեն. «Նախկինում գալիս էին կամավորները, սակայն վերջին մեկ ամսում ՊՆ-ն քննություն է անցկացրել բոլոր հոգեբաների շրջանում, ընտրել է այն հոգեբաններին, ովքեր որ կարող են զինվորի հետ աշխատել եւ բաշխել է ըստ հիվանդանոցների: Հիմա ունենք հոգեբան, որը շաբաթական երեք անգամ գալիս է, օգնություն է ցույց տալիս թե զինվորներին, թե նրանց ծնողներին, եթե դրա կարիքը կա»:

Նրա խոսքով, հոգեբանը աշխատում է նաեւ բուժաշխատողների հետ. «Բուժաշխատողներըեւս իսկապես ունեն հոգեբանի խորհրդատվության կարիք: Ունենք 180 բուշժաշխատող, ովքեր բոլորը պատերազմի ժամանակ օր ու գիշեր աշխատել են, այստեղ որպես կամավորներ աշխատում էին նաեւ մեր, մեր բոլոր բուժաշխատողների ընտանիքների անդամները»:

Զինվորների համար ելույթ ունեցող մշակութային գործիչների թվում էր երգիչ Դավիթ Ամալյանը: «Հաշմանդամ են նրանք, ում սիրտն ու ուղեղը լավ չի աշխատում»,- իր ելույթը սկսելուց առաջ ասաց նա: Ամալյանի որդին 44-օրյա պատերազմի զոհերի թվում է:

Անի Գևորգյան