«Ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է, ոչ մի քաղաքական ուժ շանսեր չունի մեծամասնությունը ստանալ առաջին փուլում». Անդրիաս Ղուկասյան

84

Հարցազրույց քաղաքագետ, «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հետ

Պարոն Ղուկասյան, արտահերթ ընտրությունների քարոզարշավը մի քանի օրից ավարտվում է, Դուք ընթացքն ինչպե՞ս եք գնահատում:

-Հայհոյանքների եւ սպառնալիքների աննախադեպ տեսարանի ականատես եղանք: Փաշինյանը, որը նախկինում առաջարկում էր բաց ձեռքերով քաղաքական հարցերը լուծել այսօր մուրճով է ման գալիս: Սա դարձել է քաղաքացիների համար մտահոգիչ երեւույթ եւ մարդիկ ունեն մտավախություն, որ այս քվերակությունն ավարտվելու է արյունալի բախումներով:

Իշխանությունները մշտապես խոսում են բռնության բացառման մասին, անգամ իրենց եզրափակիչ հանրահավաքի օրը փոխեցին, որ Քոչարյանի համակիրների հետ բախումներ չլինեն…

-Իրենց պատասխանատվությունն է, որ նման բան չլինի, բայց այն որ բովանդակային բանավեճերը վերածվեցին անձնական վրեժխնդրության բացասաբար ազդում է ընտրողների վրա: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Քոչարյանը բովանդակային քաղաքական կոնտենտ չեն տալիս հանրությանը եւ ամբողջ քարոզարշավը պտտվում է իրենց անձնական հարաբերությունների շուրջ:

Իսկ ինչու՞ այդպես եղավ, որ մենք ծրագրային-գաղափարական պայքարի փոխարեն սպառնալիքների եւ ատելության ականատես եղանք:

-Երկու պատճառ կա: Առաջինն այն է, որ Հայաստանում տեղի չունեցավ լյուստրացիա 2008 թվականից հետո՝ այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք համախմբվել էին իշխանության յուրացման շուրջ: Այդ ուժերի ներկայացուցիչներն առնվազն տասը տարով Հայաստանում պետք է զրկվեին պետական կառավարման ընտրություններին մասնակցելուց: Իշխող ուժն իր մեջ կամք չգտավ քաղաքական գնահատական տալ օլիգարխիկ կառավարող ռեժիմին, էլ ուր մնաց լյուստարացիա աներ: Այսօր այդ ուժերը մասնակցում են ընտրություններին եւ մասնակցում են իրենց ավանդական տեխնալոգիաներով՝ ընտրակաշառի խոստումներ տալով:

Երկրորդ գործոնն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ մասնակցել այս ընտրություններին, քանի որ պարտված ուժը պետք է հեռանար եւ հնարավորություն տար մեր հանրությանը գնալ առաջ: Փաշինյանի առաջադրումը նշանակում  է, որ ինքը չի ընդունում իր պատասխանատվությունը մեր պարտության համար եւ փորձում է այսօր ամբողջ հանրությանն ահաբեկելով պատասխանատվության տակ դնել մեր քաղաքացիներին իր որոշումների համար՝ այդ թվում, ՌԴ-ի հետ եռակողմ նոր փաստաթղթի ստորագրումով, որը նախատեսում է կնքել ընտրություններից հետո՝ սահմանների ճշգրտումների վերաբերյալ:

Այս տեսակ քարոզարշավն ընտրությունների արդյունքերի վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ:

-Պարոն Ղուկասյան, իսկ այս պայմաններում քաղաքացին ինչպիսի՞ ընտրություն կկատարի, երբ մեծամասամբ տեսել է ոչ թե գաղափարական պայքար, այլ սպառնալիքներ:

-Ես համամիտ չեմ, որ չի եղել գաղափարական խոսք: Նայեք մեր ծրագրերը, որտեղ որ մենք քաղաքացիներին առաջարկել ենք հստակ ծրագրեր: Մինչեւ տարեվերջ Ֆրանսիայի հետ կնքելու ենք ռազմաքաղաքական պայմանագիր հայկական բանակի վերակազմավորման համար՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Արցախի անկախության ճանաչման հարցն ենք բերելու ՄԱԿ-ի օրակարգ: Ներկայացրել են տնտեսական ծրագրեր, թե ինչպես դրսի ներդրողներին պետք է ներգրավենք Հայաստան: Ես կարծում եմ, որ մեր ուժն ընտրողների համար ներկայանում է բովանդակային դաշինք:

Ընտրությունների ելքը ինչպիսի՞ն կլինի: Կձեւավորվի՞ իշխանություն, թե՞ երկրորդ փուլ կլինի:

Ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի է, ոչ մի քաղաքական ուժ շանսեր չունի մեծամասնությունը ստանալ առաջին փուլում, ինչպես նաեւ հավանական կոալիցիաները չեն հավաքում անհրաժեշտ քվեները: 

Ու՞մ միջեւ կլինի պայքարը:

Մենք պայքարում ենք, որ մտնենք երկորդ փուլ: Երեւանում կատարված հարցումներով մենք գտնվում ենք երրորդ տեղում: Երեւանում 120 հազար քաղաքացի, ըստ մեր հարցումների, չի կողմնորոշվել ընտրության մեջ: Մենք ամենինչ անելու ենք, որ այդ ուժերին համախմբենք մեր շուրջ:

Նարեկ Կիրակոսյան