«5000-10000 դրամին փոխարինելու է եկել մինչև 200 դոլլար գումարը»

612

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում մշտադիտարկում անելու մեկուկես ամիսների ընթացքում Սյունիքի, Լոռու, Արմավիրի մարզերից, Երևանից բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրակաշառքների վերաբերյալ։ Դրանք ոչ միայն ընտրակաշառքի, օրենքով արգելված բարեգործության տեսակներ են եղել, այլև դեպքեր, երբ ընտրողներին պարտադրել են իրենց քվարկությունը բացահայտել։

Եթե նախորդ ընտրությունների ժամանակ հանրությունը սովոր էր լսել 5000-10000 դրամ ընտրակաշառքի դեպքերի մասին, ապա այսօր մեկ ձայնի «արժեքը» շեշտակի բարձրացել է, հասնելով՝ 70․000-100․000 դրամի։ Գները տատանվում են՝ ըստ մարզերի և Երևանի միջև։

«Մարզերում ավելի ցածր են գները։ Օրինակ՝ Գորիսում մեկ անձին 70 հազար դրամ են առաջարկում, Երևանում՝ մի քիչ ավելի բարձր է՝ 100 հազար դրամի կարգի գումարներ են։ Ըստ էության, հիմնականում մեր ահազանգերը «Հայաստան» դաշինքի հետ կապված են, ավելի սակավաթիվ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով»,- Forrights-ի հետ զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Վերջինս գնային այս բարձրացումը կապում է քաղաքական ուժերի միջև առկա լարված ընտրապայքարի հետ։

Գլխավոր դատախազությունը մինչև այժմ ընտրակաշառքի երկու գործ է հարուցել՝ Արմավիրում ու Գավառում, մի դեպքում գործող անձինք «Պատիվ ունեմ» դաշինքից են, մյուս դեպքում ՝ «Բարգավաճ Հայաստան»-ից։

Ըստ տարածած հաղորդագրության՝ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռուբեն Խլղաթյանը և ևս մեկ անձ կալանավորվել է 147 ընտրողի 9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառք տալու փորձի համար։

«Բարգավաճ Հայաստան»-ը նախապատվությունը տվել էր սնունդ տրամադրելուն։ Forrights-ին տրամադրած Դատախազության տեղեկության համաձայն՝ 2021թ. հունիսի 8-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավար Ա. Ա.-ն ընտրողներին կաշառք տալու համար նույն գրասենյակի քարտուղար Ս. Զ.-ի՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում գտնվող բնակարան է տեղափոխել շուրջ 80 փաթեթ սննդամթերք՝ հանձնարարելով նրան ըստ ցուցակի բաժանել ընտրողներին։

Ս. Զ.-ն, ըստ ցուցակի, 8 ընտրողների որպես կաշառք տվել է մեկական փաթեթ սննդամթերք՝ յուրաքանչյուրը մոտ 7000 դրամ արժողության՝ կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար:

Դատախազությունը 5 հաղորդում էլ «Անկախ դիտորդ» դաշինքից է ստացել։ Ըստ Իոաննեսյանի՝ դրանք այժմ պատրաստման փուլում են, ևս մի քանիսի մասով վստահություն կա, որ այդտեղ էլ է հանցագործություն տեղի ունեցել, բայց լրացուցիչ աշխատանք է արվում ապացույցները հավաքելու և արդեն ապացույցներով ուղարկելու իրավապահներին։

Ընտրակաշառքի մասին իր ֆեյսբուքյան էջում ահազանգել է նաև «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Ըստ նրա տեղեկության՝ Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը Փաշինյանի օգտին ձայն հավաքելու համար քաղաքացիներին բաժանում է 20 հազարական դրամ և հավի ճտեր։

Վերջին օրերին փորձագետն ահազանգեր են ստանում Սյունիքի մարզից․ Կապանի ու Գորիսի համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին.

«Իմ ձեռքի տակ հայտնվել է նամակագրություն, որտեղ Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Վիգեն Հովհաննիսյանն աշխատակիցներին հրանագում է հավաքվել կենտրոնում՝ «Հայաստան» դաշինքի քարոզարշավին մասնակցելու համար։ Այս դեպքի մասին ևս տեղեկացվել է »։

Վարչական ռեսուրսի չարաշահման նմանօրինակ դեպքեր արձանագրել է նաև «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը»։ Գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, թեև չցանկացավ այս պահին իրենց մշտադիտարկման տվյալները բարձրաձայնել, սակայն շեշտեց, որ այս ընտրություններին ավելի շատ վարչական ռեսուրսի խախտում են արձանագրել։ Փորձագետի խոսքով՝ ռեսուրսին տիրապետում է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը, այլև նախկին իշխող կուսակցությունները, օգտագործելով իրենց առանձին կապերը․

«Վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր հիմնականում համայնքներում են կիրառվում։ Մենք ևս լսել ենք ընտրակաշառք տալու դեպքերի մասին, սակայն, քանի որ դա առավել դժվար բացահայտվող է, վարչական ռեսուրսն ավելի տեսանելի և աչքի ընկող է։ Ընտրակաշառքի գումարային մասի չափով այս ընտրություններն առանձնանում են․ մենք սովոր ենք տեսնել 5000 կամ առավելագույնը՝ 10 հազար դրամ կաշառք, այնինչ այսօրվա ընտրությունների մասով հնչում է մինչև 200 դոլլար գումար։ Սա աննախադեպ թիվ է»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Այվազյանը։

Նշենք, որ ընտրակաշառք տալն արդեն ծանր հանցագործություն է։ Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն, որոնք ընդունվեցին ապրիլի վերջին, խստացվել են ընտրական հանցագործությունների պատիժները, ընտրակաշառք տալը կամ խոստանալն պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով։

Ռոզա Վարդանյան