2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերի պատգամավորների թեկնածուներն օրեր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին են ներկայացրել իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը: Ցուցակից առանձնանում են հանրային և քաղաքական դեմքեր, որոնց եկամուտների և բնակելի տարածքների մասին խոսվել է տարիներ շարունակ։
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուներից ամենահարուստը, ինչպես նախորդ տարիներին, Գագիկ Ծառուկյանն է։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Ծառուկյանը 4 բնակելի տուն ունի Առինջում 768.48 քմ, 228.3 քմ, 2963.8քմ. և 5234.94 քմ մակերեսներով, 1 բնակելի տուն Ծաղկաձորում 186.29 քմ և բնակարան Երևանի Մոսկովյան փողոցում131.4 քմ մակերեսով։ Ունի հարյուրավոր հեկտարների հասնող 10 հողամասեր Առինջ գյուղի տարբեր հասցեներում, 1 հողամաս Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում, 2 հողատարածք Երևան– Սևան մայրուղու աջ կողմում և 1-ը Ծաղկաձորում։ 77.16 քմ–անոց շինություն Առինջում ինքնակամ կամ կցակառույց, որը դեռ գրանցման փուլում է։
Ունի նաև հասարակական նշանակության 2 շինություններ Երևան–Սևան մայրուղու աջակողմյան հատվածում և հանգստյան գոտի Սևանի ափին։
ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարագրել է 17 ավտոմեքենա։
Թանկարժեք գույքի շարքում Ծառուկյանը գրանցել է ննջարանի 15 կահույք՝ ընդհանուր շուրջ 2 մլն եվրո արժեքով, ճաշասենյակի 4 կահույք 787 800 եվրո արժեքով, նախասրահի 10 կահույք1 711 000 դոլար արժեքով, խոհանոցի կահույք 110 000 եվրո և 1 փայտյա կահույք 118 485 եվրո արժեքով։
Ծառուկյանի հայտարարագրած վարագույրն էլ արժե 251 799 եվրո, իսկ 20 հատ ջահը 1 587 300 եվրո։ Թանկարժեք իրերից Ծառուկյանը հայտարարագրել է 3 ոսկե ժամացույցադամանդե քարերով 1.3 մլն դոլար ընդհանուր արժեքով, տղամարդու 3 ոսկե մատանի ադամանդե քարերով 4 մլն 700 հազար դոլար արժողությամբ, 3 ոսկե ժամացույց 500 000 դոլար, ոսկե շղթա 100 000 դոլար։
Ինչ վերաբերում է ԲՀԿ նախագահի տարեկան եկամուտներին, ԱԺ–ից նա ստացել է 7 594 150 դրամ աշխատավարձ, ՀՀ տարբեր բանկերից ստացել է 9 249 305 դրամ, 33 125 դոլար, 561 838 եվրո տոկոսադրույքներ։ Բացի այդ, «Զվարթնոց Հոլդինգ» ՓԲԸ–ից ստացել է 340 740 110 դրամ շահաբաժին, «Գլոբալ Մոթորս» ՓԲԸ–ից ու «Մուլտի Մոթորս» ՍՊԸ–ից 7 և 14 մլն դրամ վարձավճար, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊԸ–ից477 775 000 դրամ փոխառության վերադարձ և «Արարատ ցեմենտ» ՓԲԸ–ից 561 640 եվրո։
Ծառուկյանի դրամական միջոցները հայտարարագրի ներկայացման պահին կազմել են 877 300 000 դրամ, 52 850 000 դոլար ու 5 001 400 եվրո։ Նա 20-100 տոկոս բաժնեմասեր ունի ՀՀ 54 ՍՊԸ–ներում ու ՓԲԸ–ներում։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացված է որպես ՌԴ «Սիստեմա» ընկերության անկախ տնօրեն՝ 199 300 դոլար տարեկան աշխատավարձով ու ընկերության 0. 0306 %-ի բաժնեմասի սեփականատեր։
Որպես սեփականություն Քոչարյանը հայտրարագրել է Ստեփանակերտում գտնվող 195.83 քմ բնակարանն ու Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող 1715.7 քմ մակերեսով բնակելի տունը։
Քոչարյանի եկամուտները ունեցած պարտատոմսերից կազմել են 28 915 000 դրամ, բանկային ավանդից տոկոսները 78 155 դոլար։
Դրամական միջոցները հայտարարագրի ներկայացման պահին եղել են 98 000 000 դրամ ու 1 927 000 դոլար։
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարագրել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող, պետության կողմից իրեն տրված բնակելի տունը 813. 35 քմ մակերեսով ու 1.8 հա հողամասով։
Տեր–Պետրոսյանը նաև Կորյունի 19ա հասցեում գտնվող 311.2 քմ և Վարդանանց 5ա հասցեում գտնվող 2 57.6 քմ և 167 քմ հասարակական նշանակության տարածքների սեփականատերն է։
Առաջին նախագահը հայտարարագրել է նաև իր հանրահայտ Lincoln Tauncar ավտոմեքենան (1997թ.)։
Որպես եկամուտ նշել է 11 111 520 դրամի կենսաթոշակը, գիտական կադրերի պատրաստման համար Մատենադարանից ստացած 115 963 դրամն ու տարածքների վարձակալության դիմաց «Իմպրեսո» ընկերությունից ստացած 1 200 000 դրամը։
Հայտարարագրի ներկայացման պահին Տեր–Պետրոսյանի խնայողությունները կազմել են 2 010 դոլար։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետ թեկնածու, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր հայտարարագրում նշել է, որ անշարժ, շարժական գույք ու խնայողություններ չունի։
Հաշվետու ժամանակահատվածում ստացած եկամուտը կազմել է 11 871 432 դրամ։ Հետաքիքիր է, որ 2018թ–ի մայիսին ներկայացրած հայտարարագրով նրա եկամուտն այդ տարվա ընթացքում կազմել է 13 963 230 դրամ, խնայողությունները` 1 800 դոլար և 790 000 դրամ։
2017թ–ին ԱԺ պատգամավոր ընտրվելու պահին Փաշինյանը նաև սեփական HYUNDAI SONATA ավտոմեքենա է ունեցել։
Փաշինյանին ընդդիմախոս, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարագրել է 1 անշարժ գույք, որպես ԱԱԾ-ական՝ ստացած 2 միլիոն դրամից ավելի թոշակ։ Նրա բանկային հաշիվներում 10 միլիոն դրամ և 25 հազար դոլար կա։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գույքը կազմում է վանաձորյան մեկ բնակարանը, 1 ավտոմեքենան և պատգամավորի մեկ տարվա աշխատավարձը՝ 7 միլիոն 510 հազար դրամ։
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» գլխավորող պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարագրել է 1 առանձնատուն Երևանում, 1 ավտոմեքենա, պատգամավորի մեկ տարվա աշխատավարձ՝ 8 միլիոն դրամ։ Որևէ այլ գույք, այդ թվում՝ թանկարժեք չունի։
Բավականին բազմազան է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հայտարարագիրը։ Նրան է պատկանում 100 հազար դոլար արժողությամբ գրիչների հավաքածու, 25 հազար դոլարանոց ժամացույց։
Սարգսյանի եկամուտը կազմել է 28 միլիոն դրամ՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։
«Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյանը անհատ ձեռնարկատեր է։ Ունի 108 քմ բնակելի տուն և 20 ավտոտնակ Երևանի Շիրազի փողոցում, նաև Կոտայքի մարզի Քասախ համայնքում գտնվող 0.1240 հա հողատարածքի սեփականատերն է։
Սահակյանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել է 30 միլիոն դրամ։
Հայտարարագիրը ներկայացնելու պահին նրա հաշվին եղել է 20 հազար դոլար և 8 միլիոն դրամ։
«Արդար Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Նորայր Նորիկյանը, ըստ հայտարարագրի, ունի երկու բնակարան Երևանում` 89 և 78 քմ տարածքով։ Ունի նաև 5 հողատարածք Արագածոտնի մարզում` ընդհանուր 7.5 հա մակերեսով, որոնցից մեկի վրա կա 63 քմ–անոց անասնագոմ։
Նորիկյանը հայտարարագրել է նաև 2 ավտոմեքենա` Lexus GX 460 (2012թ.), Mercedes E320 (1999թ.), եկամուտը հաշվետու տարում կազմել է 5 460 000 դրամ։
Հայտարարագրման պահին Նորիկյանն ունեցել է 2 000 000 դրամ, 3 500 դոլար, 18 000 եվրո և 500 000 ՌԴ ռուբլի։
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 3 բնակարան է հայտարարագրել Երևանի Գյուլբենկյան, Փափազյան ու Զաքյան փողոցներում` 117, 44.7 և 73.91 քմ մակերեսներով։ Զոհրաբյանը նաև 2 գրասենյակ ունի Մաշտոցի (1 95 քմ) և Արգիշտի (226.5 քմ) փողոցներում, 2 ավտոկայանատեղի Փափազյան փողոցում ու 1-ական ավտոտնակ` Զաքյան և Գյուլբենկյան փողոցներում։ Արա Զոհրաբյանը հայտարարագրել է նաև Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում 235.7 քմ մակերեսով բնակելի տուն և 0.053 հա այգեգործական հողամաս։ Թեկնածուն 2 ավտոմեքենա ունի` Mercedes-Benc CLS 350 (2006թ.), BMWX6 350 (2013թ.)։
Որպես եկամուտ Զոհրաբյանը նշել է Փաստաբանների պալատից ստացած 5 677 577դրամ աշխատավարձը, «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրաենյակից ստացած 5 677 577դրամը, ինչպես նաև «Տուրկապ» ԲԲԸ–ից ստացած 4 264 925 և «Ռովենտուս–Ցենտր» ՓԲԸ–ից ստացած 1 052 800 դրամը։
Այս եկամուտներից բացի նա նաև 7 846 200 դրամ գումար է ստացել «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի վարձակալությունից ու 186 095 դրամ Երևանի «Գլաձոր» համալսարանից` մատուցած ծառայության դիմաց։
Արա Զոհրաբյանը «Զոհրաբյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի 19%–ի, «Ռովենտուս–Ցենտր»–ի 87.5%–ի, «Ռուվենտուս բիզնես կենտրոն» ՓԲԸ 87.5%-ի սեփականատերն է։ Հայտարարագրի ներկայացման պահին Արա Զոհրաբյանն ունեցել է 12.5 մլն դրամի և 120 000 դոլարի խնայողություններ։
«Միասնական հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Լուսինե Ավագյանը նշել է, որ ունի 265 քմ մակերեսով բնակելի տուն Գավառում, 2011թ.–ի արտադրության «Պեժո-300 S» մակնիշի ավտոմեքենա։
Հայտարարագրի ներկայացման ժամանակահատվածում թեկնածուն ունեցել է 80 000 դրամի եկամուտ ու 1000 դոլար բանկային ավանդ։
Հայոց Հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանի հայտարարագրում նշված է միայն, որ նա «Ադոնայի» իրավապաշտպան ՀԿ տնօրենն է։ Եկամուտ, գույք, բիզնես չունի։
«Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Միքայել Հայրապետյանն էլ ՀԱՊՀ դոցենտ է` 1 200 000 դրամ տարեկան աշխատավարձով։
Ունի 120 000 դրամ խնայողություն և Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում 78 քմ-ոց բնակարան։
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության վարչապետի թեկնածու Կարին Տոնոյանը «Հայ ասպետ» հիմնադրամի ու «Որդուս» ՀԿ–ի նախագահն է։ Նրա աշխատավարձը հիմնադրամում այս տարի կազմել է 4.6 մլն դրամ։
Հայտարարագրած դրամական միջոցները կազմում են 6000 դոլար, 700 000 դրամ։ Որևէ այլ ունեցվածք Տոնոյանը չի հայտարարագրել։
«Ազգային օրակարգ» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը հայտարարագրել է միայն 25 000 դոլարի ունեցվածք։
«Վերելք» կուսակցության վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանը «Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի ռազմական գծով փոխտնօրենն է։
Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 8 070 430 դրամ, թոշակը` 546 000 դրամ։ Մինասյանը Երևանի Մամիկոնյանց փողոցում ունի 253.8 քմ մակերեսով բնակարան, 2005թ.–ի արտադրության Audi A6 մակնիշի ավտոմեքենա։ Հայտարարագրած դրական միջոցները կազմում են 20 մլն դրամ ու 120 000 դոլար։ 21.
«Ազատական» կուսակցության վարչապետի թեկնածու, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը նշել է, որ ներկա պահին չի աշխատում։
Միակ ունեցած սեփականությունը 2004 թ.–ի արտադրության Mercedes-Benc-600 մակնիշի ավտոմեքենան է։
«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հունիսի 7-ին հայտարարել էր, որ դուրս է գալիս ընտրապայքարից։ Այդուհանդերձ, քվեաթերթիկների 22-րդ համարն արդեն ամրագրված է այդ քաղաքական ուժի անունով ու փոփոխման ենթակա չէ։
Նշենք, որ այս կուսակցությունը ևս իր թեկնածուների եկամուտների հայտարագրերը չէր ներկայացրել ԿԸՀ։ Այնպես որ, կուսակցության նախագահ ու վարչապետի թեկնածու Խաչիկ Ասրյանի կարողությունը ընտրողների համար անհայտ մնաց։
Հայաստանի եվրոպական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Խզմալյանը հայտարարագրել է 1 բնակարան Երևանի Պարոնյան փողոցում` 70 քմ մակերեսով։ Իսկ դրամական միջոցները կազմում են 10 000 դոլար և 1 մլն դրամ։
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը չի աշխատում, ունի 1998թ–ի արտադրության 1 BMW 528 ու 1000 դոլար գումար։
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունից ստացել է 448 595 դրամի փոխհատուցում և 1 140 928 դրամի վերահաշվարկ` Պետական վերահսկողական ծառայությունում աշխատանքից ազատվելու արդյունքում։
Գրանցման պահին Սանասարյանի ունեցած դրամական միջոցները կազմել են 360 206 դրամ։
Նկատենք, որ ուսումնասիրելով ներկայացված հայտարարագրերը պարզ է դառնում, որ ընտրություններին մասնակցող 5 ուժեր որևէ դրամական միջոց, եկամուտ, անշարժ կամ շարժական գույք չունեն։ Նրանց հայտարարագրերը պարզապես դատարկ են։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: