Հունիսի 18-ին Երեւանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են հանրահավաք հրավիրել եւ իրենց համակիրների հետ ամփոփել նախընտրական քարոզարշավի ընթացքը: «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Երեւանի քաղաքապետարանին իրազեկել են, որ քարոզարշավը տեւելու է մինչեւ ժամը 21:00-ն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքը մեկնարկելու է 20:00-ին, երբ դեռ ավարտված չի լինելու Քոչարյանի հավաքը:
Փաշինյանը եւ Քոչարյանը քաղաքական թշնամիներ են, ինչը նրանք չթաքցրեցին նաեւ քարոզարշավի ընթացքում: Նրանց համակիրներից ոմանք սոցալական ցանցերում միմյանց վիրավորում են հայոյախառը արտահայտություններով: Այս պայմաններում Փաշինյանի եւ Քոչարյանի ընտրազանգվածի հանդիպումը կարող է բախման հանգեցնել:
Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություններ են հայտնում Փաշինյանի եւ Քոչարյանի՝ Հանրապետության հրապարակում միեւնույն ժամանակ հավաքներ հրավիրելու մտադրությունների վերաբերյալ: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բախումների վտանգ կա, ինչպես եղավ 2008 թվականին, երբ Քոչարյանն էր իշխանություն, իսկ Փաշինյանն ընդդիմադիր գործիչ պայքարում էր իշխանության համար:
«Ես չեմ ցանկանում նման կանխատեսում անել, որ Մարտի մեկը կկրկնվի: Դա մի անգամ եղավ եւ պայմանավորված էր Ռոբերտ Քոչարյանի գործոնով, եթե չլիներ Քոչարյանը, ապա դա չէր լինի, քանի որ մենք երբեք չենք անցնում կարմիր գծերը, բայց թե Մարտի մեկը, թե այս քաղաքական գզվրտոցը, որ այսօր կամ ցույց են տալիս, որ մենք անցնում ենք թույլատրելիության սահմանը, չեմ ցանկանում նման կանխատեսում անել, որ նույն սահմանը երկրորդ անգամ ենք հատելու: Մեր ընտրողն այսօր ավելի գրագետ է, քան ձեր նշած քաղաքական ուժերը, որոնք հանարահավք են հրավիրում: Ձեր նշած քաղաքական ուժերն առաջին հերթին զբաղված են իրենց անձնական ծրագրերի իրականացմամաբ, ոչ թե երկրի զարգացմամաբ»,- ասաց նա:
Վարդան Հարությունյանը շեշտում է՝ Փաշինյանը եւ Քոչարյանը պետք է այդ ուղղությամբ մտածեն, որ տարբեր քաղաքական հայացքներ ունեող քաղաքացիների միջեւ բախում չլինի:
«Նրանք չպետք է տանեն նման զարգացման, որեւէ մեկը կողքից ոչինչ անել չի կարող: Դա իրենց պատասխանատվության խնդիրն է, ոչ մեկ չի կարող նրանց մտածողության մեջ մտնել: Բախում չպետք է լինի: Մենք այնքան մեծ կորուստներ ունենք, այնքան մեծ վտանգի առաջ ենք կանգնած, որ մեկ անգամ նորից կորցնել, ավելացնել վատի պաշարը, դրա իրավունքը չունենք»,- ասաց իրավապաշտպանը:
Իշխող ՔՊԿ-ի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը, ով քաղաքապետարանին ներկայացրել է հավաքի անցկացման իրազեկումը նշեց, որ որոշում չունեն հավաքը չեղարկելու, սակայն, տարբերակներ են փնտում, որ «Հայաստան» դաշինքի հետ միասին նույն պահին հրապարակում չգտնվեն:
«Հասկանալի է, որ մի քանի հանարահավք միեւնույն ժամանակ մի հրապարակում չի կարող լինել: Հիմա ներկայում իրավական վեճ կա, քննարկումներ կան, կա դատական վեճ»,- ասաց նա եւ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք բախման վտանգ չկա եւ ինչպե՞ս են խուսափելու բախումներից, պատասխանեց. «Երբ կլինի վերջանական պատկերը կիմանաք, այդ մասին: Վերջնական պատկերը չկա, բայց դուք ինչ-որ սցենար եք ներկայացնում»:
Երեւանի քաղաքապետարանը «Հայաստան» դաշինքին հավաք անցկացնելու արտոնություն տվել է մինչեւ 20:00-ն, սակայն, քաղաքական ուժը դատական հայցով վերականգնել է մինչեւ 21:00-ն հավաք անցկացնելու իրավունքը: «Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու այս մեկ ժամը չեն զիջում, որպեսզի բախումներ չլինեն: Արամ Վարդեւանյանը զիջումների գնալու վերաբերյալ նշեց.
«Ինձ համար հարցը հասկանալի չէ, որովհետեւ հարցի հասցեատերը մենք չենք, հարցի հասցեատերը կարող է լինել այն ուժը, որը իմանալով, որ մենք հավաքն ենք անցկացնում, նույն օրը հանարահավք են հրավիրում»,- ասաց նա:
Վահագն Հովակիմյանին առաջարկեցինք մեկնաբանել, թե ինչու են նույն օրը որոշել հավաք անցկացնել: «Այդ օրը նախընտրական քարոզարշավի վերջին օրն է եւ բոլոր ուժերն էլ կարող են նախընտրական քարոզարշավն ամփոփոլու մտադրություն ունենան, բնական երեւույթ է»,-հիմնավորեց Փաշինյանի թիմակիցը:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: