Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում, ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպանը:
Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում, նշում է Արման Թաթոյանն իր հայտարարության մեջ:
«Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին:
Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներ ավելանում են` կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի: Նշված քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ արժանապտվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է և կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության», — շեշտում է ՄԻ պաշտպանը` հորդորելով դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: