Վարչական դատարանը օրեր առաջ բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ, պատգամավորական թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: ԿԸՀ-ն որոշել էր նախկին նախագահի «Կյանք և ազատություն» գրքի և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պատկերող պաստառները ճանաչել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող։ Այնինչ, դատարանը՝ Լիանա Հակոբյանի նախագահությամբ, արձանագրել էր, որ օրենսգրքի որևէ նորմում բացահայտված չէ «քարոզչության հետ ասոցացվող» հասկացության բովանդակությունը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը մտահոգված է դատարանի որոշմամբ։ Նրա կարծիքով՝ քարոզչության պայմանները հավասար լինել չեն կարող, քանի որ, ստացվում է, «Հայաստան» դաշինքն ունենալու է մյուս ուժերի չափով պաստառներ, ավելացված նաև վերոնշյալ գրքի և գրառման վահանակները․
«Իրավական այս որոշումն ինքնին անհավասար պայմաններ է ստեղծում մյուս քաղաքական ուժերի հանդեպ։ Դատարանը չէր կարող այդ աստիճանի մրցապայքար ստեղծող որոշում կայացնել ընտրական գործընթացքում, դա խտրական մոտեցում կարող է լինել թեկնածուների նկատմամբ»,- Forrights-ի հետ զրույցում նկատում է Իոաննիսյանը։
Ըստ դատարանի՝ Ընտրական օրենսգրքում «քարոզչություն», «քարոզչական նյութ, պաստառ», «քարոզչության հետ ասոցացվող» հասկացությունների բովանդակությունների բացահայտված չլինելու և դրա արդյունքում՝ վիճարկվող որոշման իրավական հիմքերի բավարար չափով որոշակի և ճշգրիտ չլինելու պայմաններում, վիճարկվող որոշման պատճառաբանված չլինելու հանգամանքը ենթադրում է նաև իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի խախտում: Ուստի, դատարանն այլևս անհրաժեշտ չի համարել գնահատել խնդրո առարկա պաստառի քարոզչության հետ ասոցացումը:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին չի զարմացրել դատարանի նմանօրինակ որոշումը։ Նրա գնահատմամբ՝ ակնհայտ էր, որ դատական համակարգն իքս պահին սկսելու էր ծառայել իրենց տերերին, սակայն այս դեպքում որոշումն ակնհայտ խախտում է
«Եթե անգամ ամբողջությամբ ապօրինի չլինի դատարանի որոշումը, այնուամենայնիվ համակցության մեջ դիտարկված չեն հետևանքները։ Օբյեկտիվ իրականությունից կտրված դրվագային միջավայրում միգուցե նորմալ որոշում լիներ, սակայն գլոբալ առումով, իրականությունն այլ է։ Դատարանը պետք է արդարադատություն իրականացնի, ոչ թե իրավիճակային նպատակային լուծումներ առաջարկի»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Կարապետյանցը։
Ոչ հավասար պայմաններ ինքստինքյան ստեղծվել են նաև ֆինանսական առումով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախընտրական հիմնադրամի ֆինանսական շեմ է սահմանել, որպեսզի կարողանան քարոզչության հետ կապված բոլոր ծախսերը համակարգել։ Սակայն այստեղ էլ մեկ այլ խնդիր է առաջացել․ բարեգործական հիմնադրամների կամ երրորդ անձանց կողից կատարվող քարոզչությունը չի արտացոլվում հիմնադրամում․
«Կուսակցությունների ռեսուրսները թույլ չեն տալիս հավասար պայմաններում քարոզչություն իրականացնել։ Մենք իրականում ունենալու ենք անհավասար մրցակցություն»,- մտահոգություն է հայտնում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։
Թեև երեկ է պաշտոնապես մեկնարկել քարոզարշավը, սակայն վերջին շաբաթներն արդեն իսկ քարոզչական էին։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլի վերջին օրերից էր սկսել այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ համայնքների բնակիչների հետ։ Նախընտրական ակտիվ հանդիպումների մեջ էր նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Թեև ընտրական օրենսգիրքը չի արգելում քարոզարշավի մեկնարկից առաջ նախընտրական հանդիպումներ ունենալ, այնուամենայնիվ քարոզարշավն այն ժամանակահատված է, որի ընթացքում կանոնակարգված է գործընթացը․
«Ընտրական օրենսգիրքը ենթադրում է, որ քարոզչությունն արգելված է բուն ընտրության և դրան նախորդ՝ լռության օրը։ Կան խաղի կանոններ, որի շուրջ է ընթանում քարոզչությունը, դրանից առաջ իրականացնելն արգելված չէ, խախտում չէ։ Ընդհանրապես, ընդունված է ասել, որ կուսակցությունները սկսում են քարոզչություն իրականացնել նախորդ ընտրության հաջորդ օրվանից սկսած»,- նշում է Իոաննիսյանը։
Ընտրական փորձագետի խոսքով՝ թեև պաշտոնական քարոզարշավը նոր է մեկնարկել, սակայն արդեն իսկ կան բազում ընտրախախտումներ։ «Անկախ դիտորդ» դաշինքը, որի ևս համակարգում է Իոաննիսյանը, մեկ ամիս շարունակ բազմաթիվ ահազանգեր է ստացել ընտրակաշառքի, օրենքով արգելված բարեգործության տեսակների հետ, եղել են նաև զանգեր, երբ ընտրողներին պարտադրել են իրենց քվարկությունը բացահայտել։
Այս մասին արդեն տեղյակ է պահվել Ոստիկանությանը։
Նշենք, որ ընտրություններին 26 ուժ է գրանցված` 22 կուսակցություն և 4 դաշինք: Դրանց մասնակցում են երկրի բոլոր նախկին ղեկավարները և գործող ղեկավարը:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է գլխավորում: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական ցուցակներում ներկայացված չէ, բայց Հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարն է նա, մասնակցում է ընտրություններին «Պատիվ ունեմ» դաշինքում, իսկ Սարգսյանն ինքը ակտիվորեն մասնակցում է քարոզչական աշխատանքներին:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: