«Դոլմամայի» շենքը չի քանդվի. «վերջապես արդարությունը վերականգնվեց». Ժիրայր Ավանյան

258

Շուրջ 10-ամյա պայքարից հետո Երեւանի կոլորիտային կառույցներից  մեկը՝ «Դոլմամա» ռեստորանի շենքը չի քանդվի եւ փոխարենը էլիտար շինություն չի կառուցվի: Կառավարությունը հունիսի 10-ի նիստում որոշեց գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանել Երևանի Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։ Այս շինությունները, որոնց թվում է նաեւ «Դոլմամա» ռեստորանը, գնվել էր Ռոբերտ Քոչարյանի մերձավոր, գործարար Սամվել Մայրապետյանի կողմից:  խոսքը վերաբերում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած տարածքում գերակա շահ ճանաչված շինություններին:

«Ուրախ եմ, վերջապես արդարությունը վերականգնվեց: 10 տարի ես կռիվ եմ արել, պայքարել եմ»,- Forrights.am-ի հետ զրույցում ասաց «Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանը:

Կառավարության նիստի ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշեց, որ 2013թ-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել, իսկ չիրականացնելը նշանակում է գերակայության բացակայություն, ինչը հանրության գերակա շահ ճանաչելու համար կարևորագույն պայման է և օրենքի խստագույն պահանջ:

«Օրենքով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»,- ասաց Ղուլարյանը:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ ընդհանուր առմամբ մի քանի շենքեր ճանաչվել են մշակութային արժեք ներկայացնող: «Փաստացի կարելի է ասել, որ այս գործընթացում քաղաքաշինական մեծ առաջընթաց չի եղել: Եվ նաև, հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել կառավարության 2013թ. որոշումից»:

«Դոլմամա» ռեստորանի շենքը գտնվում է չորս հասցեներում: Այս hասցեներից գտնող հատվածը դատարանի որոշմամաբ անցել է Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ դեվելոփերս» ՍՊԸ-ի: Ժիրայր Ավանյանը դատարանի այս որոշումը վիճարկում է, ձեռքբերող ընկերությունն այնտեղ որեւէ աշխատաքներ չի իրականացրել:

«Ռեստորանի չորս մասնաշենք էր հանրային գերակա շահ ճանաչվել, բայց մեկի գործը դատարանում է, մի մասն անցել էր Մայրապետյանին: Մենք բողոքարկել ենք, սպասում ենք վճռին: Մենք այդ հատվածում էլ ենք աշխատում, «Դոլմաման» է այնտեղ: Ես իրենց հետ որեւէ համագործակցություն չեմ ունեցել, ցանկացել են խլել՝ խլել են»,- ասաց նա:

Դատական նիստերն ընթանում են ըստ նախատեսվածի: Մյուս դատական նիստը նշանակվել է օգոստոսի 23-ին: Ժիրայր Ավանյանն ասում է, որ հույս ունի այս մասնաշենքի հետ կապված էլ դատարանն արդար որոշում կկայացնի:

Նարեկ Կիրակոսյան