Forrights.am-ի հարցերին պատասխանել է «Ազատ հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, Երեւանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին առաջակցության համար, բայց մինչ այս պահը որեւէ ակնառու քայլ մեր դաշնակիցները չկատարեցին: Միաժամանակ քննարկվեց ՄԱԿ-ի ԱԽ-ին դիմելու տարբերակը: Մոսկվան շեշտում է, որ եթե Հայաստանը դիմի միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ապա պետք է լինի Ադրբեջանի համաձայնությամբ: Սա ի՞նչ է ենթադրում, ինչու՞ է Մոսկվան նման պահանջ առաջ քաշում եւ ի՞նչ խնդիր է լուծում: Պարզ է՝ Ադրբեջանը դեմ է լինելու:

-Տապալվեց ՌԴ-ի սպասումը, որ այս ընտրություններում բոլոր ուժերը շնորհակալություն են հայտնելու Մոսկվային՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի համար: Մենք այսօր մեր ընտրողներին ներկայացնում ենք նոր քաղաքական կուրս՝ ՄԱԿ-ի հարթակում, ԵԱՀԿ-ի հարթակում, ինչը նշանակում է անկախ արտաքին քաղաքականություն: ՌԴ-ն փորձում է դա կանխարգելել եւ ՄԱԿ-ին դիմելը թողնում է Ադրբեջանի համաձայնությանը: Իրականում Հայաստանին պետք չէ Ադրբերջանի համաձայնությունն Արցախի անկախության հարցը ՄԱԿ-ում ներկայացնելու համար, ինչպես պետք չէ Ադրբեջանի համաձայնությունը Հաագայի միջազգային դատարանից խորհրդատվական եզրակացություն ստանալու համար: 

Հայաստանի ԱԳՆ չունի նախարար, իսկ նախարարի բոլոր տեղակալները հրաժարականի դիմումներ են ներկայացրել: Ըստ էության մեր առանցքային գերատեսչություններից մեկը դարձել է անգործունակ: Այս լարված իրավիճակում, երբ միջազգային կառույցների հետ պետք է մշտական աշխատանք տարվի, սա ինչի՞ կհանգեցնի:

Սա վկայում է, որ խորը ճգնաժամ կա արտաքին քաղաքականության ոլորտում, ինչը պայամնավորված է Ռուսաստանի առաջարկով՝ եռակողմ հերթական քաղաքական հայտարարություն անելու հետ, սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի վերաբերյալ: Այս իրադրությունը մեծ վնաս է պատճառում մեր պետական շահերին, միջազգային ամբիոնները, ինչպիսին ՄԱԿ-ն է, ԵԱՀԿ-ն է մեզ համար շարունակում են մնալ անհասանելի, Ադրբերջանն օգտվում է դրանից: Մենք այսօր չենք դիմում ՄԱԿ-ին, փոխարենն Ադրբեջանն է դիմում Հայաստանի վերաբերյալ, իսկ Հայաստանը լուռ է:

ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի հրաժարականի խորքային պատճառը ո՞րն էր, ժամանակն ինչ ցույց տվե՞ց եւ ինչ հետք կարող է այն թողնել:

Ակնհայտ է, որ այդ պատճառները կապված են ընտրված ծրագրի հետ, որով որ Հայաստանի վարչապետը ցանկանում է սատարել եռակողմ նոր ձեւաչափին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի վերաբերյալ: Այդ պատճառով էլ այսօր արտաքին գործերի նախարարությունը ողջ կազմով որոշեց հրաժարական տալ, որպեսզի չկիսեն այդ հակապաետական քաղաքականությունը: Սա մեծ վնաս է հասցնելու արցախահայության շահերին, եթե իրականանա:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր հայելային տարբերակով հեռացնել երկու կողմի զորքերը եւ տեղակայել դիտորդներ: Նրա առաջարկից անցել է երկու շաբաթ, բայց որեւէ տեղաշարժ չկա, սա ինչի՞ արդյունք է:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն անզոր է արտաքին քաղաքականության ոլորտում գործնական ծրագիր իրականացնել: Տեսանելի է, որ իր առաջարկները քարոզչական բնույթ է կրում՝ ընտրազանգվածի համար: Հայաստանում պետք է լինի իշխանափոխություն, պետք է գան ազատ իշխանություններ, որոնք ազատ արտաքին քաղաքականություն կիրականացնեն:

Պարոն Ղուկասյան, Հայաստանում մի քանի օր է մեկնարկել է արտաերթ ընտրությունների քարոզարշավը, սահմանին իրավիճակը լարված է, սրան զուգահեռ ընտրություններին մասնակցող գործիչները՝ Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը սպառնում են միմյանց: Դուք ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը, սա քաղաքակիրթ երկրին բնորոշ քարոզարշավ է:

Քարոզարշավի ընթացքում, այն ուժերը, որոնք չունեն բովանդակային ուղերձ քաղաքացիներին՝ անվտանգությունը վերականգնելու ոլորտում, փոխարինում են տարբեր տեսակի հայտարարություններով, որպեսզի գրավեն ուշադրություն:

Նիկոլ Փաշինյանն ու Քոչարյանը միմյանց դուելի են հրավիրում, այս սպառնալիքներն ինչի՞ կհանգեցնի:

Սրանով շեղում են ընտրողներին կարեւոր խնդիրներից, որոնք հիմա գլխավոր քննարկման առարկան է: Որն է Հայաստանի արտաքին քաղաքական պուլսը, ինչ անելիքներ կան մեր բանակը, տնտեսությունը վերականգնելու համար:

Ձեր քաղաքական ուժն ի՞նչ է առաջարկում ընտրղներին, ինչպե՞ս եք ապահվելու պետության անվտանգությունն ու անձեռնմխելիությունը:

 Մենք գիտում ենք, որ Ադրբեջանը տապալել է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի դրույթները, գերիներին չի ազատել բոլորը բոլորի դիմաց, ավել տարածքներ է գրավել, քան այն պետք է լիներ, ըստ այդ համաձայնագրի, Հայաստանը պետք է հիմք ընդունի այդ փաստը եւ դրանից ելնելով բացառի սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի կամ կոմունիկացիայի բացման գործառույթները, մինչեւ որ մեզ համար կարեւոր կետերը կյանքի կոչվեն:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest