Ատելության մթնոլորտն այնքան է թեժացել, որ բովանդակային քարոզարշավի հնարավորությունները հասցված են զրոյի

366

Թեև նախընտրական քարոզարշավը պաշտոնապես հունիսի 8-ին մեկնարկեց, սակայն քաղաքական ուժերից որոշներն արդեն երկու ամիս է՝ քարոզարշավ են իրականացնում։ Ընտրական ողջ ընթացքն ուղեկցվում է միմյանց նկատմամբ մեղադրական խոսքերով։ Թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության կողմից հնչող փոխադարձ վիրավորանքներն, ատելության մթնոլորտն այնքան է թեժացել, որ բովանդակային քարոզարշավ անցկացնելու հնարավորությունները հասցված են զրոյի։

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկի ժամանակ հրապարակավ բանավեճի հրավիրեց նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Առաջին նախագահի խոսնակը հայտարարություն տարածեց, նշելով, որ նախագահը ոչինչ չունի բանավիճելու «ազգակործման պատուհասի» հետ, իսկ Քոչարյանն էլ այլընտրանք առաջարկեց՝ Փաշինյանի հետ պատրաստ է դուելի․

«Բանավեճի ցանկություն չկա, բայց դուելի պատրաստ եմ, յուրաքանչյուր զենքի տեսակով»,- հակադարձեց Քոչարյանը։

Վարչապետի պաշտոնակատարն էլ շտապել էր «հակահարված հասցնել»՝ սպանված առյուծի վրա նկարված Քոչարյանի լուսանկարը ձեռքում թափահարելով։

Նման լարված մթնոլորտի մասին մի խումբ քաղաքացիական կազմակերպություններ դեռ ամիսներ առաջ էին բարձրաձայնում՝ հորդորելով զերծ մնալ համատարած ատելության խոսքից և բռնության կոչերից։

Թեմային երեկ անդրադարձել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Մարդու իրավունքների պաշտպանը։ Վերջինս կոչով դիմել է պատգամավորական թեկնածուներին, շեշտելով՝ նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը.

«Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապահովել փոխադարձ հարգանք իրար նկատմամբ և բացառել որևէ լարվածություն: Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը: Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից»,- հաղորդագրության մեջ նշել էր Արման Թաթոյանը։

Վիրավորանքներ տարածելուց հետ չեն մնում նաև քաղաքացիական անձիք, որոնց «լռեցնում են» կամ թեկնածուների անվտանգության աշխատակիցները, կամ՝ ոստիկանները։ Երեկ մեկնարկած քարոզարշավի ժամանակ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն Արմավիրում էր, քաղաքացիներից մի քանիսը սկսեցին «Նիկո՛լ, դավաճա՛ն» վանկարկել, ինչի արդյունքում բերման ենթարկվեցին․ նրանցից մեկը՝ Քրեական օրենսգրքի 149.1 հոդվածով (Անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու) կասկածանքով, մյուսները՝ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

«Հայաստան» դաշինքն էլ իր հերթին հայտարարություններ է տարածում, որ անհայտ անձիք պարբերաբար վնասում կամ կոտրում են իրենց պաստառները և ցուցանակները։

ԹԻՀԿ-ի տնօերն Սոնա Այվազյանի խոսքով՝ չի հիշում ընտրական մեկ տարի, որում ավելի շատ լինեն բռնության կոչեր, ատելության խոսք ու վիրավորանք, քան այս ընտրություններում․

«Ատելության խոսք և բռնություն տարածելու առումով այս ընտրություններն աննախադեպ են, բայց դա էլ տարբեր պատճառներ ունի։ Հեղափոխությունից հետո այն ուժերը, որոնք կորցրին իրենց իշխանությունները, նրանց շուրջ ձևավորվեց այդ մթնոլորտը, հակաքարոզչությունը սկսվեց գործող իշխանության նկատմամբ։ Վերջիններս էլ, փոխարեն իրավական եղանակով պայքարեն հանցագործության դեմ, պարզապես հռետորությամբ պայքարում, ինչը հանգեցրեց նման էսկալացայի։ Եվ այս խնդիրը լուծման համար որևէ միջոց չեն ձեռնարկվում․ առկա իրավիճակը շատ հույսեր չի տալիս, որ ընտրություններից հետո ատելության մթնոլորտի թափը կթուլանա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Այվազյանը։

Առողջ ընտրապայքարի հույս չունի նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում նմանօրինակ քաոս է սկսվում, երբ անկանխատեսելի են դառնում ընտրությունների արդյունքները, ինչի հետևանքով անմիջապես որպես գործիք սկսում են օգտագործվել և՛ հայհոյանքը, և՛ բամբասանքները, և՛ իրար մեղադրելու միտումները․

«Մենք ունենք մի իրավիճակ, երբ ընտրությունների օրինականությունը և արդարությունն ապահովող կառույցները շատ դեպքերում չեն կարող իրականացնել իրենց գործառույթները: Խոսքը և՛ իրավապահ մարմինների, և՛ դատարանների, և՛ ընտրական հանձնաժողովների և դիտորդների մասին է: Այդ բոլոր  ինստիտուտները, որոնցից կախված է ընտրությունների որակը, այսօր մեծ դժվարությամբ են կարողանալու իրականացնել իրենց առաքելությունը: Ամենաթողության մթնոլորտի բավականին լուրջ ռիսկեր կան քվեարկությունից առաջ»,- ստեղծված իրավիճակի մասին իր մտահոգությունն է հայտնում Նավասարդյանը։

Նշենք, որ ընտրություններին 26 ուժ է գրանցված` 22 կուսակցություն և 4 դաշինք: Դրանց մասնակցում են երկրի բոլոր նախկին ղեկավարները և գործող ղեկավարը:

Առավել ակտիվ քարոզչություն է իրականացնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Ռոզա Վարդանյան