Ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը․ Թաթոյան

60

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիների վերադարձի հարցերի շահարկումը։

Պաշտպանն ընդգծում է՝ պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձի համար:

Նշենք, որ երեկ Ապարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ Սերժ Սարգսյանն առաջարկում է «բոլոր գերիներին փոխարինել իմ որդով՝ Աշոտով»՝ արձագանքեց. — «Պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց: Ե՛վ Սերժիկ, և՛ Քոչարյան, որպես մարդ առնել-ծախելու մասնագետներ, ձեզ լիազորում եմ բանակցել այս գործով, մեջը մի քանի հազար դոլար որ աշխատեք, կարծում եմ` ձեր լափամանին շատ պատեհ ավելցուկ կլինի»:

Օմբուդսմենն անթույլատրելի է համարում նախընտրական քարոզարշավի ընթացքում գերիների վերադարձի հարցի շահարկումն, այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին։

«Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ», — եզրափակել է օմբուդսմենը:

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ավելի քան 200 գերի։ Պաշտոնական Բաքուն, սակայն, միայն 72-ի մասին էր հաստատում ներկայացրել, որ այո՛, նրանք պահվում են ադրբեջանական բանտերում:

Եռակողմ հայտարարությունից հետո՝ արդեն մոտ մեկ ամիս է՝ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք. հրաժարվում են հեռանալ, ավելին՝ արդեն գերեվարել են 6 զինվորականի, ևս մեկ զինվորական էլ սպանվել է։