Պատերազմի ավարտից 7 ու կես ամիս անց Կոտայքի մարզի Արամուս գյուղում տեղի ունեցավ երիտասարդ սպա, 24-ամյա Հայկ Ղազարյանի հուղարկավորությունը: Նա զոհվել էր հոկտեմբերի 2-ին, սակայն ավելի վաղ նրա մասունքները հնարավոր չէր եղել հայտնաբերել:

Հայկի մասունքները հայտնաբերվել են մարտի 27-ին` Ջաբրայիլում, իսկ ճանաչումն իրականացվել է ԴՆԹ հետազոտության միջոցով: Մինչ այդ նույն վայրում երեք անգամ որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն ապարդյուն:

« Ասում են, որ նա մարտական առաջադրանք է արել: Առաջադրանքը կատարել է եւ վերադարձել է զորքի մոտ: Ճանապարհին տեսել է, որ հակառակորդի շարժում կա: Այդ ընթացքում զորքը հրետանակոծել են: Հայկը վազելով մոտեցել է զորքին, բղավել է, որ զինվորները խումբ- խումբ չկանգնեն, առանձնանան, որպեսզի շատ կորուստներ չունենան: Ու այդ ժամանակ ինքը այդտեղ բեկորային վնասվածք է ստացել ու զոհվել է… Ոչ ոք չգիտեր, որ ինքը զոհված է: Նույնիսկ նրա անունը զոհվածների ցուցակում չի եղել: Անհետ կորածների ցուցակում է եղել»,- պատմում է զոհված զինվորի մայրը` Քրիստինա Հովհաննիսյանը :

Նա հիշում է, որ որդին սիրում էր զինվորականի աշխատանքը, պատրաստվում էր ամբողջ կյանքը նվիրել դրան: Նոյեմբերին էլ պետք է արձակուրդ վերցներ, տուն գար եւ նշանադրվեր սիրած աղջկա` Անիի հետ: Զոհվելու նախորդ օրը նա զանգահարել է Անիին, ասել է, որ վստահ լինի` ամեն ինչ լավ է լինելու: «Ասել է` մի մտահոգվիր, հենց հիմիկվանից կարող ես գնալ նշանադրության շորդ ընտրել: Որն ուզում ես ընտրի: Ես գալու եմ, անպայման գալու եմ: Մեր նշանադրությունը անպայման տեղի կունենա: Հանկարծ ուրիշ բան չմտածես»,- սիրահարների վերջին խոսակցության մասին պատմեց տիկին Քրիստինան: Նրա խոսքով, որ ինչպես 225 օր տեւած որոնումներից, այնպես էլ Հայկի մասունքները հայտնաբերելուց հետո անգամ, Անին չի հավատում, որ իր սիրելին զոհվել է ու շարունակում է սպասել նրան:

Հայկ` մինչեւ ռազմական ուղղին բռնելը, զբաղվում էր կառատեով, ուներ սեւ գոտի: Մարզիչ Անդրեյ Փիլիպոսյանընշում է, որ Հայկը բանիմաց սպա էր, նա կա եւ միշտ էլ լինելու է. «Եթե կառավարումը ճիշտ լիներ… տղաները պատրաստակամ էին, ոգով էին: Մեր տղաները: Պատերազմի ընթացքում եղել են սաներ, որոնց հետ ես կարողացել եմ կապ հաստատել: Իրենց մարտական ոգին շատ բարձր է եղել: Ընդամենը իմ կարծիքն եմ ասում` չի եղել ճիշտ ուղղորդում, կառավարում, որի հետեւանքով էլ այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Նշենք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղը 44-օրյա պատերազմին տվել է 6 զոհ, 6 վիրավոր:

Հայկի Դասվար Մարգարիտ Մարուխյանի խոսքով, գյուղում  բոլորը սգում են պատերազմի բոլոր զոհերի համար, իսկ Հայկի մահը անասելի մեծ ցավ է . «Նրան ամբողջ գյուղը ճանաչում եւ հագում էր: Բոլորն էին ասում, որ նա ճիշտ մասնագիտություն էր ընտրել, իսկական զինվորական էր եւ բոլորը  Հայկի համար մեծ ու փայլուն ապագա էին կանխատեսում»:

Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest