«Գտնվածը մարմնի մաս է, հույս ունեմ, որ մի տեղ սիրտը աշխատում է»

1195

44-օրյա պատերազմի մեկնարկին Գոռ Վարդանյանը ընդամենը 2 ամիս 3 օրվա ժամկետային զինծառայող էր: Մահվանից 103 օր անց ԴՆԹ հետազոտության միջոցով հայտնաբերվել են նրա մասունքները: Գոռի մայրը, սակայն, մինչ օրս հավատում է հրաշքի, շարունակում է զանգել որդու զորամասի տղաներին, հարցնել, արդյոք նրանից որեւէ նորություն չկա:

Մայրը` Հերմինե Զաքարյանը պատմում է, որ պատերազմի հենց առաջին օրը Գոռի հայրն ու հորեղբայրը մեկնել են Արցախ. «Գրանցվել են, որ գնան էրեխու մոտ: Ինքը ասում էր` պապ մի արի էստեղ, ամեն ինչ նորմալ է: Երբ գնացին, Գոռը արդեն առաջնագծում էր: Իրար չեն տեսել: Էնտեղ կապերը շատ վատ էր, մարտկոցն էլ անընդհատ նստում էր, չէր կարողանում զանգեր: Օրվա մեջ մեկ անգամ, երկու անգամ զանգում հարցնում էր` ո՞նց եք, պապան ո ՞նց ա, մեզ մոտ նորմալ է: Բան չէր ասում: Ասում էր` հանգիստ եղեք, ես լավ եմ, եթե չզանգեմ` չանհանգստանաք: Հոկտեմբերի 2-ին վերջին անգամ զանգեց: 11:30- 12:00 ի մոտ էր: Զանգեց, հորից էր հարցնում»:

Պատմելով այն մասին, թե ինչ է հայտնի Գոռի զոհվելու հանգամանքների մասին, տիկին Հերմինեն ասաց. «Ասում են, ինքը բունկեռում է եղել: Հենց այդ մասում ԱԹՍ են գցել: Կադռեր էլ կան… Հայրը համոզված է, որ նա զոհվել է, բայց ես մեկ է սպասում եմ… Գտնվածը մարմնի մաս է, հույս ունեմ, որ մի տեղ սիրտը աշխատում է: Հետո մտածում եմ` հիշողություն կարող է չունի, մեկի տունը գնացել է, պահում են»:

Ամուսինը պատերազմից վերադառնալուց հետո չէր հավատում, որ իսկապես ողջ- առողջ է վերադարձել: «Այդ ամեն ինչի միջով անցել է ու իր աչքով է տեսել: Ոչ պատմել են, ոչ լսել է: Իր աչքով տեսել է, թե ինչպիսի վիճակ է եղել այնտեղ` պատերազմի ամենաթեժ տեղերում»,- ասում է զոհված զինվորի մայրը:

Գոռի քույրը` 17- ամյա Գոհարիկը եղբոր մահվան մասին իմացել է զոհվածների ցանկում նրա անունը տեսնելով: Ասում է` այդ օրվանից ոչինչ չի հիշում. «Մենակ Գոռ անունը տեսա: Էլ ազգանունը չնայեցի: Ու  հասկացա…  Հետո էրեխեք են եղել, որ ասել են` իրան տեսել են: Հույս կար, որ սա սուտ է: Գոռի մասին կարելի է անվերջ խոսել: Իդեալական էր: Իդեալական որդի, ընկեր, եղբայր: Անգամ անունն էր իդեալական… Բոլորի մասին մտածում էի բացի իրենից… ինքը երեք տեղ աշխատում էր, գիշերները չէր քնում, ասում էր` օրերը կարճ են, պետք է հասցնեմ ամեն ինչ անել»:

Գոհարիկը ասում է, որ շատ է ցավում ոչ միայն իր եղբոր, այլ հազարավոր տղաների մահվան համար. «Միշտ սպասում եմ, բայց գիտակցում եմ, թե ինչ է եղել: Պատերազմը խլեց Գոռի մարմինը, բայց ինքը  ինձ հետ ապրում է… ես զգում եմ»:

Անի Գևորգյան