Աբովյանի դիահերձարանում տեղի ունեցած փաստով քրեական գործը հարուցվել է երկու հոդվածով

71

Առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է Քրեական գործ՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածով, երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Գրիգորյանը հոդվածները չնշեց, սակայն ընդգծեց․ — «Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը և կտրվեն իրավական գնահատականներ»։

Օրերս տելեգրամ ալիքները Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածել, որոնցում նկուղում, գետնին անփութորեն լցված պարկեր էին՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ լուսանկարները հենց դիահերձարանից են. մարմինները նույնականացված են, հարազատներին են սպասում, մինչև այդ ժամանակավորապես պահվում են Կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Ըստ նախարարության՝ պահման այդ պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին։Միևնույն ժամանակ նախարարությունը հայտարարել էր՝ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել ենք ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:

Սակայն, մեկ օր անց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված՝ նշելով, որ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չի այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին։