Հայաստանում կրիմինալ դեպքերը վերջին շրջանում հաջորդում են միմյանց, երկրում հետզհետե իրավիճակը սրվում է: Հասրակությունն ամեն օր լրատվամիջոցներից տեղեկանում է սպանությունների, դանակահարությունների, կրակոցների, շղթայական ավտովթարների եւ այլ ողբերգական դեպքերի մասին: Այս աղմկահարույց դեպքերից անպակաս են նաեւ քրեական հեղինակությունները:

Հունիսի երկուսին Երեւանի մարդաշատ վայրերից մեկում՝ Մոսկվա կինոթատրոնի տարածքում, քաղաքացիների աչքի առաջ, դեռեւս անհայտ անձի կողմից սպանվեց քրեական հեղինակություն համարվող քյավառցի Ռաֆոյի՝ Ռաֆայել Մարդոյանի թիկնապահ՝ Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանը: Ուշագրավ է, որ այս հանցագործությունից հետո իրավապահները դեռ ոչ ոչքի չեն ձերբակալել: Միայն հայտնի է, որ ցանկացել են սպանել ոչ թե թիկնապահին, այլ՝ Ռաֆայել Մարդոյանին:

Երեւանի կենտրոնում գրանցված այս աղմկահարույց սպանությունը տեղի ունեցավ մեկ այլ հնչեղություն ստացած հանցագործության ֆոնին, որի շուրջ քննարկումները դեռ չէին ավարտվել: Մայիսի վերջին օրը Էջմիածնում սպանվեց քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի եղբայրը։ Այս դեպն էլ հաջորդել էր մեկ այլ սպանության, որը կրկին տեղի էր ունեցել Էջմիածնում՝  սպանվել էր 29-ամյա երիտասարդ, որն, ըստ մամուլի հրապարակումների, Դոն Պիպոյի թիկնապահն էր։

Կրիմինալ իրավիճակով պայմանավորված Երեւանում եւ Էջմիածնում իրավապահները ուժեղացված հսկություն են իրականացնում: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է սպանության 26 դեպք: Աղմկահարույց դեպքերը ոչ միայն Երեւանում են այլ նաեւ մարզերում: Հունիսի մեկին էլ Գյումրիում դանակահարվել էր 17-ամյա երիտասարդ, պատճառները դեռ անհայտ են:

«Լուսավոր Հայաստան» կուսկացության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, որը նաեւ Երեւանի ավագանու անդամ է, մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի մասին նշում է՝ հանցագործություններն աճում են պայմանավորված անպատժելիության հետեւանքով:

«Հանցագործություններն աճում են այն ժամանակ, երբ իրավապահ մարմինները իրենց տեղում չեն եւ քաղաքացիների անվտանգությունն ապահավելու փոխարեն  զբաղվում են այլ քաղաքական գործառույթներով: Մենք երկու տարի շարունակ տեսնում ենք, որ տարաբնույթ սպանություններ, գողություններ, ավտովթարներ, սպանություններ»,- ասաց նա:

Դավիթ Խաժակյանը կարծում է, որ  իրավապահներն այսօր զբաղված են նախընտրական զարգացումներով՝ մոռանալով քաղաքացիների անվտանգության ապահովումը:

«Կարծում եմ՝ իրավապահներն այլ առաջնահերթություն ունեն՝ ապահվել քաղաքական վերարտադրություն եւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները նշանակվել են Փաշինյանի կողմից, կատարում են այդ գործառույթը: Իրավապահ համակարգում անորշություն կա, ինչը բերում է լիազորությունների թերի կատարման»,- նշեց նա:

Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն էլ նշում է, որ ստեղծված իրավիճակը պետական կառույցների անկազմակերպ աշխատանքի արդյունք է: «Լուրջ աշխատանք չի իրականացվում, ամեն ուր բարձիթողի վիճակ է, ինչն էլ անդրադառնում է իրավապահների աշխատանքի վրա: Այն ինչ տեղի է ունենում՝ կրակոցները, սպանությունները, շատ վատ է: Այս վիճակով եթե շարունակվի, ապա պետական ինստիտուտները կազմալուծման իրավիճակում կհայտնվեն, այդ առանցքային կառույցները հիմա նորմալ չեն գործում»,- նշեց փաստաբանը:

Նարեկ Կիրակոսյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest