Թաթոյանը Ալիևի հայատյաց ելույթների առնչությամբ դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և ՄԽ համանախագահներին

57

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների հետ կապված դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին: Այս մասին օմբուդսմենը տեղեկացնում է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Ադրբեջանի նախագահը 2021 թվականի մայիսի 20-ին և 28-ին հանդես է եկել ելույթներով, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են: Ելույթների այդ հատվածներն առանձնացվել են և պաշտոնական նամակներով ուղարկել եմ ԵԱՀԿ գործող նախագահին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Դրանք ուղարկվել են նաև ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային այլ մարմինների», — գրում է Թաթոյանը:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս մշտադիտարկման նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որն էլ հենց իրականում ընկած է մարդու իրավունքների կոպիտ խախտումների, այդ թվում` դաժանությունների հիմքում, վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը», — շեշտում է օմբուդսմենը: