«Մեզ ասում էին՝ այսինչ ամսաթվով կվերջացնենք, ԴՆԹ-ները վերջանում են, բայց գնալով ավելանում ա մասունքների թիվը»

113

Պատերազմից 8 ամիս անց հարյուրավոր մարդիկ դեռ շարունակում են փնտրել իրենց հարազատների և որդիների մարմինները․ հանրապետության դիահերձարաններում այս պահին դեռևս 149 չճանաչված մարմին կա:

Երեկ անհետ կորած զինծառայողների հարազատները փակել էին Հերացի փողոցը. հենց այստեղ է գտնվում դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, որտեղ կատարվում են ԴՆԹ հետազոտությունները։ Բողոքի ակցիայից ժամեր առաջ տելեգրամյան ալիքներով Աբովյանի դիահերձարանից լուսանկարներ էին տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են նկուղի գետնին անփութորեն լցված պարկեր դրված՝ զինվորների մարմիններով ու մասունքներով:

Առողջապահության նախարարությունը միայն երեկոյան պարզաբանեց, որ այդ մարմիններն արդեն նույնականացված են և հարազատներին են սպասում, իսկ մինչև այդ ժամանակավորապես պահվում են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։ Միայն անհայտ կորածների հարազատների բողոքից հետո զինվորների մարմինները տեղափոխվեցին դիահերձարանի սառնարանային հատված։

ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր առավոտյան ներողություն խնդրեց «ստեղծված իրավիճակի համար», հայտարարելով, որ դա իր բացթողումն է, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ծառայողական քննություն է նշանակվել։ Զինծառայողների հարազատներին սա ոչ միայն չի բավարարում, այլև՝ վրդովեցնում է։

Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, պատերազմի ավարտից հետո իր նախաձեռնությամբ միացել է որոնողափրկարարական աշխատանքներին։ Նրա խոսքով՝ դեկտեմբերին իր ջանքերով է հայտնաբերել եղբոր դին, սակայն մինչ օրս չի կարողացել գտնել եղբորորդուն։ Շեշտում է՝ կառավարությունն անգործության է մատնված, իրենք միայն փուչ խոսքեր են լսում, ուրիշ՝ ոչինչ․

«Պատահական բացահայտվել է, որ մեկ օրվա ամսաթվով ասվում է, որ Արցախից 21 մարմին է բերվել, այդ մարդու երեխան եղել է պայմանական 567 կոդով, նույն օրվա ամսաթվով նաև երեխա կա 749 կոդով։ Այսինքն, եթե 567-ին գումարեմ 21, կստացվի 588, պետք է այդ օրը 588-ով սահմանափակվեր, ոչ թե դառնար 749 կամ 755։ Այդ X թիվն այլ ճանապարհներով հայտնվել է, որտեղի՞ց, ո՞վ է բերել, որտե՞ղ են ամիսներ շարունակ այդ մարմինները պահված եղել՝ ոչ ոք տեղյակ չի»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ երկու շաբաթ առաջ իմացել են, որ Արտաշատի մրգի սառնարաններում մարմիններ կան, թեև ինքը 7 ամիս եղբորորդուն է փնտրել ու այդ վայրի մասին տեղյակ չի եղել․

«Հիմա գնալու ենք, մասունքները հատ առ հատ պարկերով հաշվենք, որ վաղը նորից չասեն՝ հոպ, 200 հատ էլ հայտնվեց Պողոսի սառնարանից։ Եթե ստորաբար չտանեն, չթաղեն երեխեքին՝ առանց տալու ծնողներին։ Նրանք դրան էլ են պատրաստ։ Մեզ մի քանի ամիս առաջ ասում էին՝ այսինչ ամսաթվով կվերջացնենք, ԴՆԹ-ները վերջանում են։ Բայց գնալով ավելանում ա թիվը, էդ ո՞նց բա»։

Ամիսներով սեփական հետաքննություններն իրակացրած ծնողներն ունեն կասկածներ, որ իշխանությունն ամբողջական տեղեկատվություն չի տալիս, հակառակ դեպքում՝ որտեղ են իրենց երեխաները:

Քրեագիտական վարչության պետը շեշտում է՝ բազմաթիվ ծնողներ ԴՆԹ թեստ հրաժարվում են հանձնել, շուրջ 100 ծնող էլ Դատաբժշկական կենտրոնից ստացել է տեղեկություն, որ ԴՆԹ համընկնում կա՝ բայց մարմինը վերցնել չեն ցանկանում, չեն ուզում, չեն հավատում: Արսեն Ղուկասյանն ասում է՝ այդ ծնողների հետ պետք է հոգեբանական աշխատանք տանել․

«Ովքեր չեն հանձնել ԴՆԹ, թող գան հանձնեն, որ եթե այն մարմինները, որոնց նույնականացումը եղել ա, բայց ոչ ոքի չի համընկնում, կարող ա իրանցը լինի, թող չթողնեն ոսկորները ստեղ տանջվեն, տանեն հուղարկավորեն, հանձնեն հողին», — ասում է Ղուկասյանը:

Անհետ կորած զինծառայողների հարազատները հայտարարում են՝ չեն դադարեցնելու իրենց բողոքի ակցիաները, մինչև իշխանությունը պատշաճ ձևով չկատարի աշխատանքները և իրենց չտրամադրեն զինծառայողների մասունքների գտնվելու բոլոր վայրերի տվյալները։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ սա պետության վերաբերմունքն է հայրենիքի համար զոհված զինվորի նկատմամբ, նրանց հարազատների և ընտանիքների տառապանքների նկատմամբ․

«Պետության հոգածությունն ու ուշադրությունը բացակայում է, այդ մարդիկ իրենք են փնտրում իրենց զավակների մասունքները օրերով ու ամիսներով, արտասուք թափում, ամբողջությամբ կառչում այդ մասունքներից և ահա, հանդիպում նման անմարդկային տեսարանի։ Ով է պատասխան տալու, այս հարցը դրված չէ: Առողջապահության նախարարը ներողության տեքստ է տարածել, որի հիմնական մասը նվիրված է իրենց կատարած աշխատանքներին: Իսկ ինչու նախարարը չի հանդիպել հարազատների հետ, գլուխ խոնարհելով ներողություն խնդրել յուրաքանչուրից: Արդյո՞ք նախարարը գիտի մասունք բառի իմաստը: Մասունքը դա սրբություն է: Սրբությո՛ւն ունեցեք»,- նշում է իրավապաշտպանը:

Նշենք, որ ըստ Առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ԴՆԹ հետազոտման փուլում այս պահին 73 նմուշ է, այն էլ երկրորդ կամ երրորդ անգամ հետազոտվող նմուշներ, այնինչ դիահերձարաններում 400 մասունք ու 200 մարմին կա:

Ծնողներն իրենք էլ են մոլորվել այս թվերի ու անորոշության մեջ: Քիչ չեն դեպքերը, երբ ընտանիքը ԴՆԹ-ով նույնականացված մասունք է հուղարկավորում, հետո էլի զանգ ստանում՝ թե համընկնում կա, հնարավոր է՝ նույն մարմնի մեկ այլ մասունք է գտնվել․

«Բոլորիս նույն ցավն ա միավորում»,- ասում են զինծառայողների հարազատները։

Ռոզա Վարդանյան