22-ամյա Հարություն Հակոբյանը` հակառակվելով հոր արգելքին սեպտեմբերի 29-ին որպես կամավոր մեկնել էր Արցախ: Հաջորդ օրը Արցախ էին մեկնել նաեւ հայրն ու ավագ եղբայրը: Հարությունը զոհվել է Հադրութում ընթացող մարտերի ընթացքում` դիպուկահարի կրակոցից:
Միայնակ հայր Հակոբ Հակոբյանը պատմում է, որ կրտսեր որդին աշխատասեր տղա էր, չէր խորշում ոչ մի գործ անելուց: Վերջերս սկսել էր զբաղվել վարսավիրությամբ, որոշել էր լավ մասնագետ դառնալ:
Պատերազմի մասին իմանալով` Հարությունը գնացել էր կամավորագրման շտապած հոր մոտ` Երկրապահ կամավորականների գրասենյակ ու ասել էր` գալիս եմ: Հայրը պատասխանել էր, որ թույլ չի տալիս:
«Փախավ… Ուղարկեցի տուն, ասեցի` էլ էստեղ չմտնես: Գնաց, մտավ զինկոմիսարիատ: Երբ իմացա, որ գնացել է, իր հետեւից գնացի» ,- պատմում է Հակոբ Հարությունյանը:
Հայրն ու որդիները նախ եղել են նույն դիրքերում, ապա կրտսեր որդուն տարել են այլ վայր: Մոտ քսան օր անց Հարությունին զանգահարել է կրտսեր որդու ընկերն ու ասել, որ նա զոհվել է: «Ասեց` հարձակում է եղել` խփեցին: 40 հոգով եկել են, իսկ իրանք 7 հոգով են եղել… ասում է` հասցրել է մյուս տղաներին ու 2-3 աղջիկ փրկել…ասում է` ողերին են խփել, վեր է կացել, առաջ է գնացել, դիպուկահարը խփել է… թշնամու հետ յոթ մետրի վրա են դուրս եկած եղել, հետո սպիտակ ֆոսֆոր են իրանց վրա գցել: Ինքը գնդացիրներով կարում էր ֆոսֆորը օդում տրաքացներ, որ չընկներ ու ամբողջը վառեր… Հադրութի մեր ամեն պոստում 8-9 հոգի է եղել: Նրանք ամեն պոստի վրա մոտ 40 հոգով հարձակվել են»,- պատմում է զոհված զինվորի հայրը:
Նա նշում է, որ որդու դին մեծ դժվարությամբ է հաջողվել գտնել: Երբ մի քանի օր Հարությունից որեւէ լուր չի եղել, ավագ եղբայրը սկսել է շրջել հիվանդանոցներով ու դիահերձարաններով:
«Մեքենաների մեջ է փնտրել: Ասել էին, որ պետք է ճանաչելի լինի, վառված չի… Բազմաթիվ դիակների մեջ նրան ձեռքով են գտել: Ձեռքին` թեւին իր շան պատկերով դաջվածք ուներ` մեծ գունավոր: Էդպես գտել, բերել են… Ամսի 25- ին հազիվ թաղեցինք: Ես միանգամից դիրքերից իջա եկա էստեղ: Ու դա քիչ չի, մի հատ էլ ինձ կանչեցին, թե դու փախել ես, ինչի ՞ ես փախել: Բայց տղես մեռել է, եկել եմ տղուս թաղեմ, փախնելը ո ՞րն ա: Դիմում եմ գրել, զենքը հանձնել եմ, եկել եմ… Մեկը մեկից բեխաբար են… վերջին անգամ հեռախոսով խոսում էինք պետք է հրադադար լիներ: Խոսում էինք, ասեց` է ՞ս ա քո հրադարարը, նորից խփում են»:
Հակոբն ասում է, որ եթե հանկարծ նորից պատերազմ սկսի, ավագ որդուն թույլ չի տալու գնալ կռվելու. «Գոնե ինքը պետք է ապրի, գոնե ինքը դեռ պետք է ամուսնանա ու ընտանիք կազմի»:
Անի Գևորգյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: