«Սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև մարդու իրավունքների պաշտպանությունը». ՄԻՊ

65

Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա: Այս մասին Ֆեյսբուքում գրում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ վկայակոչելով արխիվային փաստաթղթերը:

Խնդիրն այն էր նաև, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները, նշում է օմբուդսմենը:

«Այս փաստերը, որպես քաղած դասեր, պետք է հաշվի առնել՝ մեր օրերում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով: Անվտանգության ու այլ բաղադրիչներին զուգահեռ, ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում», — գրել է Թաթոյանը: