Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց

66

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300,1֊րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների քննությունը։

Դատական նիստին չեն ներկայացել գործով ամբաստանյալները, ինչպես նաև՝ պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Միհրան Պողոսյանը և դատախազ Գևորգ Բաղդասարյանը։

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին՝ տեղեկացնելով, որ գտնվում է արձակուրդում։ Գործով տուժող Մեսրոպ Թադևոսյանի դիմում է ներկայացրել՝ խնդրելով, որ տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքը քննության առարկա չդարձվի։

Ինչ վերաբերում է դատական նիստը հետաձգելուն, ապա մեղադրող դատախազը նշեց, որ գտնում է, որ բողոքը քննվի բոլոր մասնակիցների ներկայությամբ, բայց չի առարկի, եթե դատարանը գտնի, որ անհրաժեշտ է բողոքը քննել այս կազմով։
Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը մինչև հունիսի 24֊ը՝ ժամը 14։00֊ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 26-ին ՍԴ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները։

ՍԴ որոշումից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս գործով դիմել է ՍԴ, իսկ ՀՀ երկրորդ նախագահի և մյուսների գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները միջնորդություն են ներկայացրել՝ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, իսկ պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ քրեական հետապնդումը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու և այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին։

Բացի այդ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։

Ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, արդարացման հիմքով դադարեցրել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումն ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հատկանիշներով։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը։

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին դատարանի որոշումը բողոքարկել է նաև տուժող կողմը։ Բացի դա՝ պաշտպանության կողմը ևս վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։

Վերաքննիչ բողոքները կքննվեն համատեղ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի։