«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հավաքագրած միջոցները կազմում են 41 միլիարդ 882 մլն դրամ, որից շահառումներին տրվել է շուրջ 40 միլիարդ դրամը: Արցախյան երկրորդ պատերազմից հետո զինվորի հիմնադրամի շահառուների թիվը կտրուկ ավելացել է՝ հասնելով 5532-ի, որից 3710-ը` այս պատերազմի արդյունքում, 416 հոգին Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020-ը: Այս մասին Forrights.am-ին հայտնում են «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից:
Նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված ևս 260 զինծառայողների ընտանիքներ մի քանի օր առաջ ընդգրկվել են շահառուների ցանկ եւ հատուցում են ստացել:
Կառույցից հայտնում են, որ 1406 շահառու
էլ փոխհատուցում են ստանում «Կամուրջ» ծրագրերով։ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ
հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի
27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած
զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու
նպատակով, որին գումարվում է նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9
որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։
«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը
տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ 1-ին
կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը: Եզրակացությունը բժշկական
հաստատությունը տրամադրում է՝ առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։
Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն
ստանալու դեպքում զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ`նվազեցնելով
կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:
«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրամին է հատկացվել ևս 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։
Հիշեցնենք՝ հատուցումները 3 ծրագրով են կատարվում։ Առաջին՝ հիմնական ծրագրով փոխհատուցում տրվում է զոհված, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին։ Մյուս երկուսը ծրագրերը նախատեսված են ծանր վիրավորում ստացած վիրավորների և անհետ կորած զինծառայողների համար, որոնք դեռևս համապատասխան կարգավիճակ չեն ստացել դատական կարգով։
Շահառուների թիվը ենթակա է փոփոխման:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: