«Հաղորդավարը դրսևորում էր խիստ կողմնակալ վերաբերմունք և ընդհատում Անդրիաս Ղուկասյանի խոսքը»

80

Հանրային Հեռուստաընկերության եթերում մայիսի 30-ին հեռարձակվեց «Հանրային քննարկում. «Ընտրական մարաթոն 2021. նոր հայտատուներ»» հաղորդումը, որը վարում էր Պետրոս Ղազարյանը, հյուրերը հունիսի 20-ի ընտրության մասնակիցներն էին, որոնց թվում էր նաև «Ազատ Հայրենիք դաշինքի» վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Ձայնագրության ընթացքում հաղորդավարը, անտեսելով լրատվության օրենքները, դրսևորում էր խիստ կողմնակալ վերաբերմունք, շարունակաբար ընդհատում Անդրիաս Ղուկասյանի խոսքը, թույլ չտալով քաղաքական գործչին լսարանին ներկայացնել ընթացիկ իրավիճակը, որը իշխանությունների կողմից միշտ ներկայացվում է խեղված տարբերակով, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ բոլորս գիտեինք, որ «Հաղթելու ենք», սակայն ունեցանք հազարավոր զոհեր և կորցրեցինք Արցախի տարածքի 75 տոկոսը, իսկ այժմ վտանգված են նաև ՀՀ պետական սահմանները:

Վերոնշյալ հաղորդման մոնտաժված տարբերակում բացակայում են Անդրիաս Ղուկասյանի այն խոսքերը, որոնք այս իշխանության որդեգրած «միֆային» ձևաչափին չեն համապատասխանում, և բացահայտում են իշխանությունների ակնհայտ ստերը, որով արդեն երեք տարի է քաղաքացիներին դնում են մոլորության մեջ:

Հարգելի լրագրողներ, մեր դաշինքի մամուլի ծառայությունը խստիվ դատապարտում է Հանրային հեռուստաընկերության ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը և գտնում, որ անթույլատրելի է քաղաքական գործչի խոսքի խմբագրումը: