Բանակ զորակոչված նախկին գերիներին կրկին տարել են Դիլիջան, վերականգնողական բուժման

170

Մեկ ամիս առաջ պաշտպանության նախարարությունից խոստացել էին պարզաբանում տալ Forrights.am-ին նախկին ռազմագերիներից երեքին, որոնք ունեն առողջական և հոգեբանական խնդիրներ, կրկին բանակ տանելու հարցի շուրջ:

Որևէ պատասխան բացի այն, որ չկա օրենք, որով արգելված լինի նախկին գերիների հետագա ծառայությունը բանակում, մենք այդպես էլ չստացանք: Սակայն տեղեկացանք, որ երեք գերիները մեր հրապարակումներից հետո կրկին տեղափոխվել են Դիլիջան:

Տղաները՝ Ս-ն, Ն-ն և Ս. Մ-ն ներկայում պահվում են «Լեռնային Հայաստան» առողջարանում: «Մեզ տեղափոխեցին այստեղ առանց բացատրության, առանց մի բան ասելու», — ասում է Ս. Մ-ն:

Նա Ադրբեջանից վերադառնալուց հետո ծառայել է Արարատի զորամասում: Ունի հոգեբանական խնդիրներ, ձախ կողավանդակի շրջանում վիրավորում է ստացել, վնասված է թոքը, ոտքի մեջ մինչ օրս բեկոր կա:

«Ինձ ասեցին, որ վիրահատել չեն կարող, քանի որ բեկորը շատ մոտ է նյարդերին: Ես համոզված եմ, որ հնարավոր է վիրահատություն: Վերջին հետազոտությունը ցույց տվեց, որ բեկորը մի քիչ հեռացել է նյարդից: Շարժվում է, փոխում  է դիրքը, բայց ոչինչ չեն անում: Եթե պարզվի, որ ինձ տանելու են նորից զորամաս, ես կնախընտրեմ վերադառնալ Արցախ, իմ հին զորամասը, ես շատ եմ հարգում իմ հրամանատարին: Միակն է եղել իմ տեսած սպաներից, որ չի փախել: Բայց մենք տեղյակ չենք, թե ինչքան են մեզ այստեղ պահելու, ինչ են անելու հետո», — նշեց երիտասարդը Forrights.am-ի հետ զրույցում:

Ըստ նրա, որևէ բուժում, կամ հոգեբանական օգնություն տղաները Դիլիջանում չեն ստանում: «Կարելի է ասել, ինձ չեն էլ մոտեցել, չեն էլ դիմավորել», — ասում է երիտասարդը: Նա խոստովանում է, որ գերությունից վերադառնալուց հետո ավելի դյուրագրգիռ է դառձել, ինքն էլ է նկատել, որ բնավորությունը փոխվել է: Նախկինում շատ բան իր մեջ էր պահում: «Բայց հիմա ինչ մտածում եմ, ասում եմ, ու ինձ համար նշանակություն չունի, թե ով է իմ առաջ կանգնած», — ասում է:

Ս. Մ-ն երեք նախկին ռազմագերիների անունից հայտնեց, որ իրենց համար շատ ավելի գերադասելի կլինի տուն գնալ, հարազատներով ու ընկերներով շրջապատված անցկացնել այս ծանր շրջանը: «Դա մեզ ավելի կօգնի, քան որ ստեղ անկապ պահել են»:

Թե ինչու են երեք նախկին  գերիներին տեղափոխել կրկին Դիլիջան, վերականգնողական կենտրոն, ՊՆ-ում տեղյակ չեն: Մենք այդ հարցն ուղղեցինք առողջապահական, սոցիալական աջակցության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանին:

«Ստույգ տեղյակ չեմ: Հավանաբար, տեսել են, որ ծառայությունը լավ չի ընթանում, տեղափոխել են Դիլիջան», — պատասխանեց նա: Հնարավո՞ր է, որ տղաներին ազատեն ծառայությունից: «Ոչ: Ազատման համար պետք է ռազմաբժշկական հարնձաժոողվի եզրակացությունը»:

Հ.Գ.Մեր տեղեկություններով, զորակոչված նախկին գերիներից մեկին հրավիրել են Փաշինյանի աշխատակազմ, վարչապետի հետ զրույցի, սակայն վերջին պահին հանդիպումը չեղարկվել է:

Սյուզան Սիմոնյան