Ալավերդցի Սարգիս Աֆրիկյանը հրաժարվել է հաշմանդամության 3-րդ կարգից, որպեսզի կարողանա կրկին վերադառնալ առաջնագիծ ու շարունակել ծառայությունը։
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած պայմանագրային զինծառայողն ընդամենը հինգ ամիս է մնացել հիվանդանոցում, ապա Վերականգնողական կենտրոնում։ Մոր՝ 58-ամյա Ալվարդ Հախոյանի խոսքով, որդին հաստատակամ էր որոշման մեջ՝ պետք է վերադառնալ հայրենիքի սահմաններ․
«Ինչքան համոզեցի, խնդրեցի, որ մի քիչ էլ մնա՝ կազդուրվի, չլսեց, գնաց․․․Էս անգամ՝ Տավուշի դիրքեր»,- Forrights-ի հետ զրույցում ասում է տիկին Ալվարդը։
29-ամյա զինծառայողն արդեն հասցրել է մասնակցել երկու պատերազմի․2016 թվականին՝ Քառօրյա պատերազմում մեկուկես ամիս եղել է Մարտակերտում։ Ողջ ընթացքում մայրը լուր չի ունեցել որդուց, ասում է՝ օրերը չէին անցնում։ Այդ պատերազմի ավարտից հետո՝ մի քանի ամիս անց, լավ ծառայության համար Աֆրիկյանին տեղափոխել են Հադրութի պաշտպանական դիրքեր, որտեղ մղվել է Արցախյան երկրորդ պատերազմի ամենակատաղի մարտերը։
Սեպտեմբերի 25-ին՝ Սարգիսը հերթափոխը հանձնել է ծառայակից ընկերոջն ու սովորականի պես եկել տուն, սակայն ժամեր անց՝ տագնապի հրամանով կրկին վերադարձել Հադրութ․
«Մի շունչ չքաշած՝ երեխուս հետ կանչեցին, իմացա՝ պատերազմ սկսվեց էլի։ Դասակի հրամանատար ա, իրա տղերքին էդ օրը սարերով ու ժայռերով ա տարել, որ անվտանգ տեղ հասցնի, մեկի գլխից մի բան չպակասի, բայց ամսի 28-ին ինքն ա առաջինը ձեռքից վիրավորվում։ Համոզում են, որ հոսպիտալ իջնի, հրաժարվում ա, ասում ա՝ էս ի՞նչ վերք ա, որ ձեզ մենակ թողնեմ գնամ պառկեմ»,- պատմում է մայրը։
Պատերազմի ողջ ընթացքում, ինքնամփոփ և քչախոս որդուց տիկին Ալվարդը չի կարողանում տեղեկություններ ստանալ։ Սարգիսը միայն հանգստացնում է ընտանիքին՝ «ես լավ եմ, ինձ հետ ամեն ինչ լավ է»։
Տղայի հերոսական արարքների մասին մայրն իմացել է որդու զինակից ընկերներից․
«Թշնամու յոթ տանկ ա խոցել, հետո մտել հակառակորդի տարածք ու կարևոր փաստաթղթեր, գեներալների հեռախոսներ բերել հանձնել ԱԱԾ, դրանից հետո թուրքերը կենտրոնացել են տղուս ուղղությամբ ու գնդակոծել տարածքը․․․Հոկտեմբերի 3-ին բեկորային ծանր վիրավորում ա ստացել էս անգամ ոտքի հատվածում, ինչից հետո, օրեր անց, հակառակ իր կամքի տեղափոխվել Երևան՝ հիվանդանոց»։
Որդու վիրավորվելու մասին մայրը օրեր շարունակ տեղյակ չի եղել։ Հոկտեմբերի 13-ին հարազատներից մեկն է զանգել իրեն և հարցրել՝ չի՞ ուզում Երևան գնա՝ որդուն անցելության․
«Չգիտեմ ոնց հասա Երևան, էդ վիճակում, որ տեսա երեխուս, չգիտեմ հետս ինչ կատարվեց․․․Կանգնածս տեղը մեռա»։
Սարգիս Աֆրիկյանը մոտ հինգ ամիս՝ տարբեր հիվանդանոցներում վիրահատվում բուժման կուրսեր է ստացել, ինչից հետո միայն նոր կարողացել է նորմալ քայլել, չնայած, որ մինչև օրս մարմնի տարբեր հատվածներում բեկորները մնացել են։
Մոր խոսքով՝ որդին սիրված և հարգված հրամանատար է, ինչի շնորհիվ անգամ վիրավոր վիճակում, Աֆրիկյանի ենթակայության տակ ծառայող տղաներն են եկել տեսակցության։ Իսկ մի հիվանդանոցից մյուսը տեղափոխվելու ժամանակ, բժիշկը կարգադրել է՝ Ձեզ հերոս ենք ուղարկում, լավ կնայեք։
Ստացիոնար բուժումներից հետո, Սարգիսին հայտնել են, որ երրորդ կարգի հաշմանդամություն են գրում, ինչը թույլ կտա օգտվել նաև ամսական կեսաթոշակից, սակայն զինծառայողը կտրուկ հրաժարվել է, պատճառաբանելով՝ այդ թղթի պատճառով չի կարող շարունակել ծառայությունը։
Չնայելով մոր խնդրանքներին (Սարգիսը տակ միակ երեխան է), մայիսի 1-ին հրամանատար Աֆրիկյանը վերադառնում է ծառայության, այս անգամ՝ Տավուշի դիրքեր։ Այսօր էլ նա սահմանին է․․․
Արցախում զինծառայողին խոստացել են շնորհել «Արիության մեդալ» և «Մարտական խաչ» շքանշանները, սակայն ընտանիքը դեռ չի ստացել դրանք։ Պաշտպանական բանակից պարզաբանել են՝ դեռևս զոհվածներին են տալիս, մենք Աֆրիկյանին լավ ենք ճանաչում, իրեն չենք մոռանա։
Սարգիսը դեռ մանկուց էր որոշել իր ուղին․ 2008 թվականին գերազանց ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, նրան միանգամից ուղարկել են Օմարի լեռներ։ Մայրը հստակեցնում է՝ որդին Օմարի արծիվներից էր․
«Պատերազմից հետո Սարգիսը շատ ա մտածում կորցրած դիրքերի մասին։ Ասում ա՝ Օմարը չպետք ա իրենցը լիներ, մենք արյունով էինք պահում»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: