«Սա ոչ թե գերեվարում է, այլ՝ առևանգում ՀՀ տարածքից»

73

Ըստ էության սա ոչ թե գերեվարում է այլ՝ առևանգում Հայաստանի ինքիշխան տարածքից, այսօր կառավարության նիստին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի սահմանին 6 զինծառայողի հետ տեղի ունեցածին։

Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդեց, որ վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Զինված ուժերի N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է Հայաստանի Զինված ուժերի վեց զինծառայող։

Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց՝ նշելով, որ զինվորներն ականապատման աշխատանքներ էին իրականացնում զգուշացնող նշանների ուղղորդմամբ։

«Հայաստանի Զինված ուժերի 6 զինծառայողներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։ Իրականացվել են ականապատման աշխատանքներ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ։ Այսինքն՝ դրանք արվել են ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապտված լինելու վերաբերյալ։ Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով: Իհարկե, հետագայում եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են, գերեվարման հանգամանքները պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է, որ դա ըստ էության գերեվարում չէ, դա եղել է մեր զինծառայողների առևանգում Հայաստանի Հանրապետության տարածքից», — հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Անընդունելի համարելով նման գործընթացները՝ Փաշինյանը սա որակեց Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ, միջազգային իրավունքի կոպտագույն խախտում՝ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակներն՝ իրադրությունը շտկելու և կարգավորելու համար։

«Մենք անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք։ Հստակ է մեր պահանջը՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից, երկրորդ՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պիտի իրականացնենք շրջահայացորեն », — ասաց վարչապետի պաշտոնակատարը։