Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 130-ով՝ հասնելով 222 հազար 269-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 323-ով և հասել 211 հազար 957-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 901 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 69 հազար 112-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 411-ի, ևս 1079 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 822 մարդ։

Pin It on Pinterest