«Երեկվա զինվորները զոհվեցին իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով»․ իրավապաշտպան

131

Հունվար ամսից մինչ օրս՝ հետպատերազմական Հայաստանի Զինված ուժերում, արդեն ունենք 11 զոհ, որից 4-ն ինքնասպանություն է, մեկը՝ սպանություն։ Թեև նախորդ տարիների հինգ ամիսների համեմատությամբ, այս տարի դեպքերի թիվն ավելի քիչ է, սակայն պատերազմական դրությունից ի վեր բանակն ամբողջությամբ չի կանոնակարգվել։

Հենց միայն երեկ զինվորի զոհվելու երկու լուր հաղորդվեց․ նախ հայտարարություն տարածվեց, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդը կրակ է բացել, սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 32-ամյա Վ. Յ. Խուրշուդյանը։

Ապա, մոտ մեկ ժամ անց, ՊՆ-ն երկրորդ զինծառայողի մահվան մասին հայտնեց․ ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան հատվածում տեղակայված N զորամասում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային 20-ամյա Մհեր Կարենի Հովհաննիսյանը՝  գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ՀՀ սահմանին տիրող իրավիճակի սրումն ու զինծառայողների մահվան հանգամանքը կապում է զինվորական կանոնադրության և կարգապահության թուլացման, ինչպես նաև նրանց կյանքի հանդեպ պատասխանատվություն թերացան հետ․

«Հետպատերազմական շրջանում, Պաշտպանության նախարարությունը պետք է 24-ժամյա ռեժիմով աշխատանք տաներ ինչպես զինվորների, այնպես էլ նրանց առնչվող կանոնադրության հետ, պետք է վերականգներ նորակոչիկի մոտ այն վստահությունը, որ ծառայությունն անվտանգ է։ Այնինչ նման աշխատանքի մասին խոսելն անգամ ավելորդ է, մահվան դեպքերը խոսում են բանակում տիրող բարոյահոգեբանական խայտառակ վիճակի մասին, ի՞նչ է նշանակում ինքնասպանություն այս իրավիճակում, ի՞նչ է, հրամանատար չկա՞»,- վրդովված ասում է իրավապաշտպանը։

Մայիսի 24-ին ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննիսյանի մահվան դեպքով քրեական գործ հարուցվեց՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 19-ամյա զինծառայողը մահացու կրակոց է արձակել՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Քննչական կոմիտեն «սիրում է» մահվան դեպքերին միանգամից ինքնասպանության հոդվածը հրամցնել․

«Չափազանց կասկածելի է, որ յուրաքանչյու մահվան դեպք կարող են ինքնասպանություն որակել և հեշտությամբ կոծկել քրեական գործերը։ Այնինչ պետք է հսկայածավալ աշխատանք տանել, հասկանալ՝ իրականում ինչ է պատահել, ով է սպանել կամ վիրավորել զինծառայողին, իսկ եթե, այնուամենայնիվ ինքնասպանություն է տեղի ունեցել, ի՞նչն է զինվորին դրդել այս քայլին։ Բանակում ոչինչ չի փոխվել, անպատժելիության մթնոլորտը շարունակվում է»,- նշում է Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը կրկին բարձրաձայնում է՝ պատերազմից հետո իրեն շատ են դիմում զինծառայողների ծնողներ, ովքեր խնդրել են օգնել իրենց որդիներին արձակուրդ գալ։ Նա ընդգծում է՝ պատերազմից հետո բանակում շատ ծանր հոգեբանական վիճակ է, մեծ մասն ընկերներ է կորցրել, սեփական մաշկով զգացել այդ արհավիրքը, այնինչ իշխանությունը բնավ հաշվի չի առնում հետևանքները․

«Երեկվա զինվորները զոհվեցին իշխանության ապաշնորհ քաղաքականության հետևանքով։ Պետությունը որդեգրել է մահերի նկատմամբ բացարձակ անտարբերություն, այնինչ հեղափոխությունից հետո մտածում էի՝ Փաշինյանն իշխանության գալով, առաջինն ուշադրություն է դարձնելու զինվորի կյանքի իրավունքին։ Սակայն, զինվորին նայում են որպես ռեսուրս, միայն նրա կենաց են խմում, ուրիշ ոչինչ»։

Բանակում տեղի ունեցող այս իրավիճակի լուծման ուղիներ առաջարկում է Սաքունցը։ Նա գտնում է՝ եթե բանակը վիրավոր է, պետք է անվերջ աշխատել ու բուժել վերքերը, լուրջ հոգեբանական աշխատանք տանել պատերազմն անցած մարդկանց հետ

«Պետք է սպայական կազմի հետ լուրջ աշխատանքներ տարվեն։ Սա աննախադեպ վիճակ է, անհրաժեշտ է հետ բերել զինվորական ծառայությունից հասկացող, փորձ ունեցող կադրերին։ Պետությունն ունի սպայական ռեսուրսներ, ժամանակն է դրանք օգտագործել, հակառակ դեպքում, այս իրավիճակը շարունակվելու է, իսկ զոհերի թիվը՝ մեծանալու։ Այս բարոյազրկված վիճակը հղի է ավելի լուրջ հետևանքների։ Իշխանությունը ԶՈՒ-ի վերականգման, վերակազմակերպման հարցում բացարձակ կոնցեպտուալ մոտեցում չի ցուցաբերում, որն արժենում է կյանքեր»։

Ռոզա Վարդանյան