Կարենը զոհվել է Շուշիում, նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ

196

Արցախյան 44-օրյա պատերազմում քաջաբար կռված ու անմահացած Կարեն Հովհաննիսյանը մայիսի 14-ին կդառնար 19 տարեկան։ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում անդարմանելի ցավով, բայց նաև հպարտությամբ են հիշում համագյուղացի հերոս Կարենին։ Նրան  ճանաչողներն ասում են՝ յուրահատուկ էր, խիզախ, հայրենասեր, մեծի հետ՝ մեծ, փոքրի հետ՝ փոքր։

Կարենի ծնողներն ասում են՝ ըմդամենը 2,5 ամսվա ծառայող նորակոչիկ Կարենը կռվել է ամենաթեժ կետերում՝ Հադրութում, Կարմիր շուկայում, Խնձորեստանում, ապա ՝ Շուշիում։ Կարենը զոհվել է Շուշիում նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ առաջ։

Կարենի մայրը՝ Ալինա Շողոյանն,  ասում է՝ պատերազմի օրերին որդու հետ երբեմն կարճատև հեռախոսազրույցներ է ունեցել․ Կարենը խնայել է ծնողներին, ասել է՝  մարտերին ինքը չի մասնակցում, բունկերում է, մինչդեռ հետագայում ծնողներն իմացել են՝ իրենց  զավակը պատերազմի առաջին իսկ րոպեներից կռվի բովում է եղել։

«Կարենը վերջին անգամ զանգել է 2020 թվականի  նոյեմբերի 7-ին։ Ասաց․ «մամ ջան, ես լավ եմ, իմ մասին մի՛ մտածեք։ Տո՛ւր պապայի հետ էլ խոսեմ, կարող է՝ էլ չկարողանամ զանգել»։ Կարենը նոյեմբերի 9-ին հրազենային վիրավորումից զոհվեց Շուշիում», — պատմում է  Կարենի մայրը։

Կարենի մորաքույրը՝ Ծովինար Գրիգորյանը, որի հետ Կարենը շատ կապված էր,  ասում է՝ ոչ մի անգամ չի լսել, որ Կարենը բանակային կյանքից դժհոգի։ Պատերազմի օրերին բազմաթիվ տղաների կյանքեր է փրկել, տեղափոխել վիրավորներին։ Կարենի մարտական ընկերները նրա հարազատներին պատմել են, թե ինչ հերոսական ուղի է անցել իրենց զավակը, որը, նորակոչիլ լինելով, առաջնագծում քաջաբար կռվում էր հանուն հայրենիքի։

«Պատերազմի օրերին էլ ոչնչից չէր դժգոհում։  Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 10-ից իմացանք, որ հենց առաջին օրվանից էլ Կարենը մասնակցել է պատերազմին։ Շատ հպարտ էր, որ բանակ է գնացել, հայկական բանակի զինվոր է ու մասնակցում  է պատերազմին։ Կարենն ասում էր ամեն ինչը մի կողմ․ մամայիս նման սիրում եմ իմ հայրենիքը․․․», — պատմում է Կարենի մորաքույրը։

Մեր զինվորները հաղթել են պատերազմում, վստահ են Կարենի հարազատները։


«Թո՛ղ մտածեն էն մարդիկ, որոնք խաբում, ասում էին՝ հաղթելու ենք․․․ Այդ մարդիկ շատ բան ունեն մտածելու։ Իսկ մեր զինվորները հաղթել են։ Եռաբլուրում ննջող բոլոր զինվորները հաղթել են, նրանք չեն պարտվել», — ասում է հերոսի մորաքույրը։

Նա ասում է՝ հերոսի զոհվելուց հետո  հարազատները մոտ մեկ շաբաթ  լուր չեն ունեցել նրանից։ Հետո այնտեղ «Շտապ օգնության» մեքենայի վարորդը Կարենի մոտից վերցրել է հեռախոսը, զանգել Կարենի ծնողերին ու տեղեկացրել նրա մահվան մասին մասին։ 

Կարենի մայրն ասում է, երբ տեսել է որդու մարմինը, զգացել է, թե իր զավակը ռազմադաշտում ինչ դժվար, տառապալից օրեր է ունեցել։ 

«Կարենը մինչև բանակ գնալը սպիտակ մազ չուներ։ Բայց երբ պատերազմից հետո նրա մազերը սպիտակել էին․ Կարենը մեծացել էր, փոխվել․․․», — ցավով պատմում է հերոսի մայրը, որը չի կարողանում և չի կամենում Կարենի մասին անցյալով խոսել։

Հերոսածին մայրն ասում է՝ առանց Կարենի՝ կյանքն ու տունը, աշխարհը դատարկ են․․․ այս իշխանությունը մեղավոր է կատարվածի համար, երկրի ղեկավարը մեղավոր է։

«Եթե պիտի այդ թուղթը  ստորագրեր, ինչո՞ւ ժամանակին չստորագրեց։ Նա խիղճ չունի։ Էդ մարդը ո՞նց է գլուխը դնում բարձին ու քնում։ Նա Աստված չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հասմիկ Բալեյան