Հայաստանի սահմաններին արդեն տասը օրից ավելի շարունակվող  լարվածությությունը ստեղծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների շահերի համընկման արդյունքում: Նման տեսակետ հայտնում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը: Քաղաքագետն իր տեսակետը forrights-ի հետ զրույցում հիմնավորում է նախընտրական հանգամանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ եթե ինքը համաձայնություն տա Ռուսաստանի կողմից առաջարկված եռակողմ ֆորմատով հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատումն, ապա Ռուսաստանն իրեն կաջակցի առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ:

«Նիկոլ Փաշինյանն այժմ փորձում է այս ծրագիրը հանրությանը ներկայացնել որպես խաղաղության համար արվող քայլեր: Փորձ է արվում Մինսկի ֆորմատը ոչնչացնել, իսկ  Արցախի հարցը հանձնել Ադրբեջանին եւ Ռուսաստանին, որովհետեւ Հայաստանը, եթե եռակողմ ֆորմատով համաձայնվի ՀՀ սահմանների կարգավորմանը՝ հարցը դուրս բերելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ընդհանուր օրակարգից, այս հարցը տարանջատում է  Արցախի սահմանների եւ կարգավիճակի հարցերից, ըստ էության սա նշանակում է, որ Հայաստանը հանձնում է Արցախի ճակարագիրը Ռուսաստանին եւ Ադրբեջանին: Նիկոլ Փաշինյանը համարում է, որ այս ճանապարհով ձեռք կբերի Ռուսաստանի աջակցությունը, ինչն իրեն անհրաժեշտ է վերարտադրվելու համար»,- ասում է Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 20-ին տեղեկատվական մեծ աղմուկից հետո իշխանությունները հաստատեցին, որ ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծել, քննարկելու հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը: Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ ահմանազատումը պետք է միաժամանակ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի  ու  Արցախի եւ Ադրբեջանի միջեւ:

«Առանց Արցախի սահմանների հարցի տարանջատել միայն Հայաստանի սահմանների հարցը, նշանակում է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում՝ ռուսական բանակի հույսին: Սա է գլխավոր պատճառը, որ ԱԳՆ-ն դեմ դուրս եկավ այս գաղափարին, քանի որ նրանք հասկանում են, որ կա միջազգային լայն աջակցություն՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն փորձում են պաշտպանել Արցախը, իսկ ՌԴ-ն, Թուրքիան եւ Ադրբեջանը հակառակն են անում, զրոյացնում են Մինսկի ֆորմատը»,- ասում է քաղաքագետը:

Նիկոլ Փաշինյանն այս փաստաթղթի մասին խոսեց միայն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը իր էջում հրապարակեց մասնակիորեն գաղտնազերծված մի փաստաթղթի աշխատանքային տարբերակ, որը նրա բնորոշմամբ Հայաստանի համար աղետալի հետևանք ունի, իսկ ըստ Փաշինյանի՝ 100 տոկոս համապատասխանում է Հայաստանի շահերին: Անդրիաս Ղուկասյանը վերլուծում է, թե Փաշինյանն ինչ նկատի ունի, երբ հայտարարում է, որ ապագայում ստարագրվելիք փաստաթուղթը բխում է ՀՀ շահերից:

«Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ եթե ՀՀ-ն այժմ հրաժարվի Արցախի շահերը պաշտպանելուց դա Հայաստանի անվտանգության համար կստեղծի բարենպաստ դրություն: Այդ խոսքերը պետք է հասկանալ հետեւյալ կերպ, որ Հայաստանն իր անվտանգությունն ապահվելու համար կարող է Արցախի հարցը թողնել ՌԴ-ին ու Ադրբեջանին: Սա նշանակում է, որ մենք մեր ժողովրդի մի մասին դավաճանում ենք, թողնում ենք այլ ազգիների տրմադրության տակ, որ իրենք մեր հայրենակիցների ճակատագիրը որոշեն: 150 հազար հայությանը ծախենք, որ երեք միլիոն հայությունն ունենա բաց կոմունիկացիաներ, ազատ առեւտրի հնարավորություն: Ում համար սա ընդունելի է, նրանց կարող է թվալ, որ սա հարյուր տոկոսով Հայաստանի շահերին համապատասխանում»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն էլ նշում է, որ ոչ մի փաստաթուղթ մինչեւ ընտրությունների արդյունքերի հայտնի դառնալը չպետք է ստորագրվի: «Այս կառավարությունը լեգիտիմ չէ, որ նման փաստաթուղթ ստորագրի, եթե լեգիտիմություն ունենար, ապա նոր ընտրություններ չէր անցկացվի»,- ասում է Սուրեն Սահակյանը եւ նշում, որ այն ինչ տեղի է ունենում սահմանին ուղիղ կապ ունի ընտրությունների հետ:

«Ես կարծում եմ, որ Սյունիքի եւ Գեղարքունիքի միջադեպերն անմիջական կապ ունեն մեզ մոտ նախընտրական իրավիճակով պայմանավորված խոցելի վիճակի հետ: Ադրբեջանի կողմից շանտաժ է, որ եթե ցանկանում եք նորմալ ընտրություններ անցկացնել, ապա ստորագրեք մեր կողմից առաջարկված փաստաթուղթը: Լավ է, որ մեր կառավարությունը չի գնում դրան, այլ պահանջում է, որ իրենց զորքը դուրս բերեն ՀՀ սուվերեն տարածքից: Շանտաժի այլընտրանքն այն է, որ Ադրբեջանն այս մի ամիսը դժոխքի կվերածի»,-ասում է նա:

Սուրեն Սահակյանը նշում է, որ Հայաստանն այժմ պատրաստ չէ սահմանազատման աշխատաքներ իրականացնել:

«Այս հրապարակված փաստաթուղթն այնպես չէ, որ համապատասխանում է մեր շահերին, որովհետեւ սահմանազատումն իրականացնելու համար պետք է երկու կողմն էլ կարողանան իրենց դիրքորոշումը պաշտպանել: Հայաստանի բանակը ցավոք սրտի այդ հնարավորություններից ժամանակավորապես զրկված է եւ այս շրջանում որեւէ թուղթ ստորագրելը խնդրահարուց է, այդ դեպքում միակողմանի ճնշումների դեպքում Հայաստանը կարող է զիջումների գնալ: Սահմանազատման ժամանակն այն ժամանակ է, երբ մենք կկարողանանք մեր շահերը պնդել»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան  

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest