Երևանից Սյունիքի դատարանի Ստեփանակերտի նստավայր հասնելը իսկական պատիժ է Արցախում զոհված ժամկետային զինծառայողների ծնողների համար:
Նախկինում էլ, մինչև 44-օրյա պատերազմը նրանցից շատերի համար ֆինանսապես և ֆիզիկապես բարդ էր դատական նիստերի մասնակցելու համար Ստեփանակերտ հասնելը: Այսօր, երբ ճանապարն անվտանգ չէ, մեկնելը կրկնակի դժվար է:
19 տարեկան ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Գալոյանի մայրը՝ Էլմիրա Սվարյանը, ծանր սթրես է տանում որդու մահից հետո: Արցախ հասնելը, որտեղ մահացել է որդին, նրա համար կրկնակի ցավ է:
Էլմիրան չի հավատում դատախազության վարկածին՝ որ որդին ինքնասպան է եղել: Երկու տարվա նախաքննության ընթացքում նա չի կարողացել ստանալ անգամ տարրական հարցի պատասխանը՝ ինչո՞ւ չեզոք գոտում, որտեղ թիկնոցի մեջ փաթաթված վիճակում գտել էին իբր, ինքնասպան եղած տղայի մարմինը, չէր հայտնաբերվել արյան ոչ մի հետք, ինչու է իբր՝ ինքնասպան տղայի մարմնին 22 վնասվածք եղել, որոնց մեծ մասը՝ մահից առաջ հասցված, ինչու է որդին մահից առաջ զանգահարել մորեղբոր տղային ու օգնություն խնդրել նրանից, և այլն:
Վոլոդյայի առեղծվածային մահվան գործով քննությունը տեւել է մոտ երկու տարի, և թերի, աղաղակող հակասություններով ու չպարզաբանված հանգամանքներով հանդերձ 2021 թվականի ապրիլին գործը մտել է դատարան: Տուժողի ընտանիքի պահանջները՝ նոր քննութուն սկսելու, դատախազությունն անտեսել է:
Մահացած տղայի ընտանիքի նկատմամբ առհամարհական վերաբերմունքը հետագայում ևս շարունակվել է: Դատական նիստերի վերաբերյալ Էլմիրա Սվարյանը, պատշաճ չի ծանուցվում: Առաջին նիստի մասին նա ծանուցագիր չի ստացել: Նիստից երկու օր առաջ դատարանից զանգել, ասել են, որ վաղը չէ մյուս օրը գա դատարան:
Ըստ «Դատալեքս» համակարգի, դատավարությունը տեղի է ունենալու Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, սակայն դատավորի աշխատակազմից ասել են, որ նիստերը նշանակվում են ԼՂՀ-ում, Ստեփանակերտի դատարանում:
Տուժողի ներկայացուցիչը՝ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության փաստաբան Մոնիկա Մարգարյանը դիմել է պետական մարմիններ, պահանջելով, որ նիստերն անցկացվեն Հայաստանի Հանրապետությունում, գոնե Գորիսի նստավայրում:
«Դիմել ենք վարչապետին, որտեղից մեր դիմումը ուղարկել է Արդարադատության նախարարություն: Այնտեղից պատասխանել են, որ իրենք իրավասություն չունեն նստավայրը փոխելու, որ դիմենք ԲԴԽ, ԲԴԽ նախագահին ենք դիմել, բայց ոչ մի պատասխան չենք ստացել», — ասում է Մոնիկա Մարգարյանը:
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը, ի պատասխան Forrights.am-ին, հայտնեց, որ ԲԴԽ-ն չունի լիազորություն որոշելու, թե որ դատարանում անցկացնեն նիստերը: «Դա բացառապես գործը քննող դատավորի լիազորությունն է: Նույն քրեական դատավարության օրենսգրքով դատավորն ունի արտագնա նիստ անցկացնելու իրավունք, և եթե կողմը հիմնավոր ու փաստարկված ներկայացնի միջնորդությունը դատարանին, հնարավոր է, որ դատավորը ընդունի միջնորդությունը»:
Փաստորեն, դատական դեպարտամենտն ու արդարադատության նախարարությունը տարբեր, իրար հակասող պնդումներ են անում: Արդյոք օրինաչափ է այն հանգամանքը, որ Սյունիքի դատարանը գտնվում է այլ վարչատարածքային միավորում՝ Արցախում:
«Այդ հարցը իմ լիազորությունների շրջանակում չի: Կարող եմ ասել, որ մենք մտածում ենք այն մասին, որ մեր քաղաքացիների համար ստեղծվեն պայմաններ, որ նրանք կարողանան անվտանգ և հարմար ձևով մասնակցել իրենց դատավարություններին: Նիստերն անցկացվում են Ստեփանակերտում հիմնականում այն դեպքերում, երբ գործով անցնում են Արցախում ծառայող զինծառայողներ, որպեսզի այդքան ճանապարհ չտանեն-բերեն, պետությունը անիմաստ լրացուցիչ ծախսեր չանի, այդ վիճակից ելնելով, Ստեփանակերտում նստավայր է տեղակայվել, որպեսզի ճանապարհը կարճ լինի, արագ տանեն-բերեն», — ասաց Կարեն Փոլադյանը:
Տրուժող կողմը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, խնդրելով գործի քննությունն տեղափոխել Գորիսի նստավայր, սակայմ պատասխան չի ստցել:
Անհասկանալի է, թե ինչ տրամաբանությամբ է գործը քննվում ԼՂՀ-ում, այն դեպքում, երբ դատակոչի վկաներից ընդամենը երկուսն են ԼՂՀ-ից՝ մեղադրյալ ջոկի հրամանատար Ռոլանդ Ստեփանյանը, որին մեղադրանք է առաջադրվել շարքային Վոլոդյա Գալոյանի դեմքին հարվածելու համար, և էլի մեկ անձ: «Մնացած վկաները բոլորը Հայաստանից են՝ Լոռու մարզ, Կոտայքի մարզ: Դատական օրենսգրքով յուրաքանչյուր մարզի ընդհանուր իրավասության դատարան գտնվում է տվյալ մարզի վարչական տարածքում: Էս դեպքում դատարանը տվյալ մարզի վարչական տարածքից դուրս է», — ասում է փաստաբանը:
Առավել ևս տարօրինակ է, որ այսօրվա իրավիճակում, երբ ճանապարհները անվտանգ չեն, դատ է նշանակվում Լեռնային Ղարաբաղում: Վոլոդյա Գալոյանի մայրը վատառողջ է: Ունի խրոնիկ բրոնխիտ հաճախական շնչառական խանգարումներով և սրացումներով: Փաստաբան Մոնիկա Մարգարյանը երկու բժշկական փաստաթուղթ է կցել իր դիմումներին նրա առողջական վիճակի վերաբերյալ, որոնցից հետևում է, որ Էլմիրա Սվարյանին երկար ճամփորդությունը, ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունը հակացուցված են: Այդ կինը հիվանդություն ունի, և նրա համար լարված այս սահմանային իրավիճակում, ամեն անգամ Ստեփանակերտ հասնելը ստրեսս է ու տանջանք: Առանց այն էլ գործն ինքն իրենով ծանր գործ է, և այդ ճանապարհն անցնելով, նա կրկնակի սթրեսի է ենթարկվում:
Փաստաբանը համոզված է, որ այս վերաբերմունքը մահացած զինվորի հարազատների նկատմամբ պատահական չէ: «Սա նշանակում է, որ չեն ուզում գործի արդյունավետ քննություն ապահովվի: Կուզեի նշել նաև, որ արդեն երկրորդ անգամ է, դատավորը նիստերը նշանակում է ժամը չորսին: Այսինքն՝ մինչև բոլորը հավաքվեն, ստուգի, ովքեր են եկել, ընդամենը մեկ վկա է կարողանալու հարցաքննել, ու ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք հետ հասնելու», — ասում է նա:
Անհեթեթ նաև այն, որ մութ հանցագործության զոհ դարձած տղան՝ Վոլոդյա Գալոյանը այս գործով միաժամանակ և տուժողի, և մեղադրյալի կարգավիճակ ունի: Փաստաբան Մոնիկա Մարգարյանը նշում է. «Ռոլանդ Ստեփանյանին մեղադրանք են առաջադրել այն բանի համար, որ նա ստորադասին բռնության է ենթարկել, իսկ Վոլոդյա Գալոյանին մեղադրում են սպանության փորձի համար՝ 104-րդ հոդվածով: Փաստորեն, դուրս է գալիս, որ իրեն մահվան հանգամանքները դուրս են տվյալ մեղադրանքի շրջանակից: Դատախազությունը գտել է, որ երիտասարդը ինքնասպան է եղել, բայց նրան ինքնասպանության հասցնող անձ չկա»:
Հիշեցնենք, ըստ քննիչների, Գալոյանը փորձել է իր բջջային հեռախոսը իր հետ տանել մարտական դիրք, ինչի առիթով վեճ է ունեցել դիրքի ավագ Ռոլանդ Ստեփանյանի հետ: Գալոյանը, իբր, կրակել էր դիրքի ավագի ուղղությամբ, իսկ վերջինիս հաջողվել է խույս տալ կրակոցներից: Գալոյանն էլ, իբր՝ ծանր տանելով այս միջադեպը, գնացել է չեզոք գոտի ու ինքնասպան եղել: Ըստ դատաբժիշկ Շավարշ Գևորգյանի, Գալոյանի մարմնին բազմաթիվ թարմ վնասվածքների հետքեր են եղել, որոնց մեծ մասը պատճառվել է մահվանից ամիջապես առաջ:
Գալոյանի գործով դատավորը դատախազության 3-րդ կայազորի նախկին զինդատախազի տեղակալ Բորիս Բախշիյանն է։ 3-րդ կայազորային քննչական վարչությունը սպասարկել է Մարտակերտի զորամասերը և աչքի է ընկել աղմկահարույց գործերով, որոնցով միակողմանի, կեղծ քննություններ են վարվել:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: