Զորամասից որդու կորելու մասին ընտանիքին չեն հայտնել․ մայրն ինքն է հասել Վարդենիս

509

Մայիսի 18-ից անհետ կորած, ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանից ընտանիքը լուր չունի արդեն շուրջ 10 օր։ Վերջին անգամ մայիսի 14-ին որդու հետ կապի դուրս եկած մայրը պատմում է՝ խոսակցության ժամանակ Նորիկի հետ ամեն ինչ լավ էր, ծառայության կամ հրամանատարության հետ կապված որևէ բողոք չուներ․

«Ասեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ ա, ես լավ եմ։ Երեխես անգամ չասեց, որ կյանքում առաջին անգամ դիրքեր պետք ա բարձրանա»,- Forrights-ի հետ զրույցում պատմում է զինծառայողի մայրը՝ Լիլիթը։

Զորամասից որդու կորելու մասին ընտանիքին չեն հայտնել․ վատ բան կանխազգալով՝ մայրն ինքն է Նոյեմբերյանի Կողբ գյուղից հասել Վարդենիս, որտեղ կրկին լռել են, Նորիկի փախուստի լուրը մայրը ներքին կարգով է իմացել․

«Գնացինք զորամաս, իրա կոմբատն ասեց՝ Ձեր երեխեն չկա, փախուստի մեջ ա։ Ասում եմ՝ ինչի՞ բա ինձ ոչ մի բան չեք ասել, թե բա՝ 72 ժամ իրավունք չունենք լուրը հայտնելու։ Ոնց էլի, ո՞նց կարող են մորը չասել, որ իրա երեխեն չկա, կորել ա․․․Ասում են՝ Ձեզ ինչը՞ դրդեց այստեղ գալու, ասեցի՝ իմ սիրտը, իմ երեխեն էսքան ժամանակ չէր եղել, որ չզանգեր»։

18-ամյա Նորիկը բանակ է զորակոչվել երեք ամիս առաջ՝ առողջական խնդիրներով՝ 15 տոկոս ողնաշարի թեքություն ունենալով՝ ծառայել է սահմանափակումով՝ պիտանի ոչ շարքային ծառայության։ Մայրը նեղսրտում է՝ տղան առողջական այդ վիճակով ուղղակի չէր կարող դիրքեր բարձրանալ, Նորիկին ինքն է խնդրել է որոշ ժամանակ տրամադրել, սակայն հրամանատարը ստիպելով տարել է դիրքեր․

«Ես կոմբատին ասում եմ՝ էդ ամեն ինչն իմանալով, որ երեխես ինչ-որ խնդիր ունի, ինչի՞ եք բարձրացրել դիրքեր, ասում ա՝ մեզ գլխաքանակ էր պետք։ Դե որ իրեն գլխաքանակ էր պետք, թող նույն քանակով էլ իջեցներ ներքև, բա ո՞ւր մնաց երեխես։ Զորամասում պատմեցին, որ տղաս չէր կարողանում բարձրանալ դիրքեր, լավ չէր զգում, երկու օր միայնակ մնացել ա ժայռերի մեջ՝ քնապարկում․․․Ես զգում եմ՝ փախուստի պատճառը բոլոր ներսի մարդիկ էլ գիտեն, զորամասում ինչքան հարց եմ տալիս, տարբեր պատասխաններ եմ լսում։ Ինչ եղել ա, իրենց մեջ ա եղել»,- հուզված ասում է Լիլիթը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Պաշտպանության նախարարությունը տեղեկություն տարածեց, որ մայիսի 18-ին Ռազմական ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մկրտչյանը ինքնակամ թողել է ստորաբաժանման պահպանության տարածքը և ընդգրկված է զորամասն ինքնակամ թողած զինծառայողների ցուցակներում: Փաստի առթիվ ՊՆ ՌՈ Վարդենիսի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Զինծառայողի մորը վրդովեցնում է այն հանգամանքը, որ ողջ 10 օրերի ընթացքում, ինչ գնացել է զորամաս, որևէ մեկը չի փորձել խոսել իր հետ, բացատրել տեղի ունեցածը, Նորիկով հետաքրքրվում է միայն Վարդենիսի ռազմական ոստիկանությունը։ Լիլիթի խոսքով՝ հրամանատարությունը կարծում է, թե տղային իրենք են թաքցնում, ինչն անհեթեթություն է․

«Մեզ ասում են՝ գնացեք բերեք, չենք դատի։ Գիտեն՝ երեխեն տունն ա, մենք կես մարդ դարձած էսպես օրը մեջ 5 ժամ գնում-գալիս ենք զորամաս»։

Նորիկի ֆեյսբուքյան օգտահաշիվն ակտիվ է, վերջին անգամ սոցցանց է մտել այsօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում, սակայն նրան ուղարկված նամակները բացվում և չեն պատասխանվում։ Հարազատներին վրդովեցնում է պատկան մարմինների այս անգործությունը․ մոր խոսքով՝ եթե ցանկանան, սոցցանցի GPS-ով բավականին հեշտորեն կարող են տեղորոշել զինծառայողի տեղը․

«Անհույս մարդ եմ դարձել, չգիտեմ ուր գնամ, ում հարցնեմ երեխուցս․․․Միակ տղաս ա, միայնակ եմ մեծացրել։ Խնդրահարույց մարդ չէր, բարի, ընկերասեր, շփվող։ Անգամ Ռազմականը, որ իրենից էին հետաքրքրվել, զորամասը գովել էր, ասել՝ զորամասի լավագույն զինվորներից ա, խրախուսանք ա ստացել և որևէ խնդիր չի ունեցել։ Թե հիմա ինչ ա եղել, ուր ա երեխես, չգիտեմ․․․»։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ զինծառայողի կորելու փաստի միակ պատասխանատուն զորամասն է, որն ամբողջ մեղքը փորձում է բարդել տղայի հետ, մատնանշելով՝ ինքնակամ լքել է զորամասը։ Իրավապաշտպանը նկատում է՝ հենց միայն այն հանգամանքը, որ Նորիկն առողջական խնդիրներ է ունեցել ողնաշարի հետ, փաստում է, որ զորամաս լքելը դժվարություն է նրա համար․

«Նախ, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ հիվանդ զինվորին բարձրացրել են դիրքեր, ինչի իրավունքը բացարձակ չունեին, քանի որ նա ծառայում էր սահմանափակումներով։ Մոր հայտնած այն տեղեկությունները, որ նա չի կարողացել դիրքեր բարձրանալ և երկու օր ժայռերում է անցկացրել, ցույց է տալիս, որ այլ իրավիճակ է եղել։ Ես չեմ բացառում, որ կարող է միջադեպ եղած լինել նաև սպայական կամ զինծառայողաների կազմի հետ, ուստի զորամասը գխով է պատասխանատու զինծառայողի կյանքի համար»,- Forrights-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Ալեքսանյանը։

Զինծառայողի մայրն այս պահին կրկին Վարդենիսի զորամասի ճանապարհին է, հույսով՝ որ գոնե այս անգամ մի լուր կստանա որդուց։

Ռոզա Վարդանյան