«Ժողովրդի թիկունքում հերթական փաստաթուղթն է նախապատրաստվել»․ ԼՀԿ-ն Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնում

87

Քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում նշված փաստաթուղթը պետք է վավերացվի Հայաստանի խորհրդարանում, հայտարարում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ տեղեկացնելով՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ են նախաձեռնում։

Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, Մարուքյանը նշեց՝ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ոչ խորհրդարանի պատգամավորները, ոչ կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ որևէ ընտրված այլ պաշտոնյա։

«Վարչապետը պետք է մանրամասնի, թե ինչի մասին է խոքը», — ասաց Մարուքյանը։

Այսօր կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, խոսեց նաև համացանցում հաճախ հայտնվող աշխատանքային թղթերից՝ ոչ պաշտոնական խողովակներով տարածվող՝ մտահոգություն հայտնելով, որ դրանք կարող են ստացված լինել Ադրբեջանից։

Փաշինյանն ասաց, որ այս պահի դրությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին և եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ինքն այդ թուղթը կստորագրի։ Թղթի բովանդակությունը վարչապետի պաշտոնկատարը չհրապարեկեց՝ պատճառաբանելով բանակցող կողմերը երեքն են՝ Հայաստանը, Ռուսատանը և Ադրբեջանը, «կոռեկտ չէ»։