«Իշխանությունն ու բանակը չեն կահավորել սահմանները, հնարավորություն են ստեղծել, որ թշնամին շատ ավելի հեշտ մտնի մեր տարածք». իրավապաշտպան

76

Արդեն 6-րդ օրն է ինչ ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում՝ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում: Մայիսի 17-ին կայացած ԱԽ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ խմբեր հետ են քաշվել ՀՀ տարածքից, բայց նրա խոսքով՝ ընդհանուր առմամաբ խնդիրը լուծված չէ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում»:

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչ այս պահը որեւէ հիմնավոր տեղեկատվություն չի տրամադրել, թե ինչպես է ստացվել, որ թշնամու զինուժը կարողացել է անարգել գալ եւ տեղակայվել ՀՀ սուվերեն տարածքում: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը forrights-ի հետ զրույցում ասում է, որ ստեղծված իրավիճակը Հայաստանի իշխանությունների ցուցաբերած անպատասխանատվության արդյունքն է:

«Մեր իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է, որ թշնամին մտել է մեր սուվերեն տարածք: Մեր իշխանությունների վարած քաղաքականության Հետևանքով ունեցանք պատերազմ և ջաղջախիչ պարտություն եւ մեր հակառակորդը որոշել է օգտվել իր հաղթանակից  ու մեր պարտությունը դարձնել շարունակական»,- ասում է իրավապաշտպանը՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող այն վարկածներին, որ սաբոտաժի արդյունքում է ադրբեջանական զորքը հատել ՀՀ սահմանը,

Վարդան Հարությունյանը նշում է, որ նման խոսակցություններն ասեկոսեներ են: Իրավապաշտպանը կարեւոր է համարում այն հարցը, թե ինչու պատերազմից հետո իշխանությունները չեն կահավորել սահմանները:

«Հայաստանի գործող իշխանությունները նույնիսկ պատերազմից հետո չեն եղել այնքան շրջահայաց, որ կարողանային կազմակերպել սահմանների կահավորման հարցը: Այս հարցը պետք է ուղղել քաղաքական իշխանություններին ու Պաշտպանության նախարարությանը: Նրանք չեն կահավորել սահմանները, հնարավորություն են ստեղծել, որ թշնամին շատ ավելի հեշտ ի կատար ածի իր ցանկությունները»,- ասաց նա:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 14-ին հայտնել էր, որ սահմանները չեն կարողացել պատշաճ կահավորել ձմռան պատճառով: Իրավապաշտպանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք սա կարող է լինել ընդունելի հիմնավորում:

«Ես գիտեմ, որ Երկիր մոլորակի վրա լինում են ձյուն, անձրեւ, քամի նաեւ երկրաշարժներ, պետության անվտանգությունը կազմակերպելիս այս ամենը հաշվի չառնել կամ հետին թվով դրանք որպես պատճառաբանություններ ներկայացնել, նշանակում է, որ լինում են այսպիսի անպատասխանատու իշխանություններ էլ: Պատմության մեջ, ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես չեն եղել այսպիսի անպատասխանատու իշխանություն: Աղետալի իրավիճակ է»,- ասում է նա եւ շեշտում, որ այս խնդրի մեղավորները բանակն ու քաղաքական ղեկավարությունն են:

«Գոյություն ունի իշխանություն, իսկ իշխանության մեջ մտնում են եւ՛ բանակը, եւ՛քաղաքական ղեկավարությունը: Նրանք միասին կազմում են ՀՀ իշխանությունը եւ պետք է նրանց մեղադրել: Թե հետո մասնավորապես ում կուղղվեն սլաքները, դա արդեն այլ խնդիր է»,- ասաց նա:

Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման վեցերորդ օրը Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս երկրները դեռ շարունակում են ձեռնպահ մնալ դաշնագրերով նախատեսված գործողություններից: Վարդան Հարությունյանն այս առնչությամբ նշեց:

«ՀԱՊԿ-ի վրա հույս դնելը ես համարել եմ անիմաստ գործ, բայց որպեսզի քեզ որեւէ մեկն օգնի եւ աջակցի, դու պետք է քեզանից ինչ-որ բան ներկայացնես: ՀՀ-ն պետք է իր սահմանները պաշտպանելիս լիներ, որ գային իրեն օգնության: Եթե դու չունես քո սահմանների պաշտպանությունը, ինչու՞ պետք է իրենք գան: Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ ԱԺ-ում սահմանների մասին հնչած հարցին ի պատասխան ասաց, որ ՀՀ սահմանները պաշտպանում են ռուսները: Եթե ՀՀ սահմանները չպետք է պահպանի Հայաստանի բանակը, այլ բոլորովին այլ երկիր, իսկ դա պետք է հնչի ՀՀ վարչապետի բերանից եւ դա ՀՀ վարչապետը պետք է ներկայացնի ապահովություն, ուրմեն մենք այսպիսի անվտանգության ենք արժանի»,- ասաց նա:

Նարեկ Կիրակոսյան