Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ ընդդեմ Թուրքիայի

72

Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` 44-օրյա պատերազմի ընթացքում «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների, տեղեկացնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը:

Մասնավորապես հայաստանյան կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի և մի շարք այլ իրավունքներ:

Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` «Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են տարբեր ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ»։

Հիշեցնենք, որ Սիրիայի երկու քաղաքացիները, որ մեղադրվում են միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների, վարձկանության հոդվածներով, Հայաստանի դատարանի վճռով դատապարտվել են ցմահ ազատազրկման: