«Մայրիկ» շարժումը հանուն հայ ռազմագերիների ազատության

133

Չնայած  44-օրյա պատերազմից եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնությունից անցել է վեց ամիս, սակայն հայ ռազմագերիները շարունակում են պատանդի կարգավիճակում մնալ Ադրբեջանում, եւ առ այսօր Հայաստանի իշխանություններիՙ  նրանց վերադարձնելուն ուղղված ջանքերն ապարդյուն են անցել: Փոխարենը վերջերս տարածված այն տեղեկատվությունը, որ տասնինը հայ գերիներ ենթարկվել են տանջանքների եւ սպանվել ադրբեջանցի զինծառայողների կողմից, հերթական ահազանգն էր, որ պետք է սթափեցնի եւ ոտքի հանի անտարբերության մեջ նիրհող հանրությանը:

«Մայրիկ> շարժումը, լինելով միանգամայն ապաքաղաքական եւ վերկուսակցական շարժում, մայիսի  14-ին նախաձեռնել էր երթ, որի նպատակն էր հիշեցնել Ադրբեջանում պահվող ռազմագերիների մասին, տագնապի կոչնակ հնչեցնել, որ այնտեղ նրանց մնալու ամեն մի օրը կարող է ճակատագրական լինել:

Երթը  նախաձեռնած մի խումբ կանայք Երեւանի Ազատության հրապարակից  Հյուսիսային պողոտայով  շարժվեցին դեպի կառավարության շենք:

«Ուզում ենք, որ հայ մայրերը հաղորդակից լինեն գերեվարված եւ անհայտ կորած մայրերի ցավին: Մենք դատապարտում ենք անտարբերությունը երկրում։  Ցանկանում ենք, որ բոլոր հայ կանայք հաղորդակից լինեն մյուս կանանց ցավին, որոնք ունեն անհայտ կորած, գերեվարված տղաներ:  «Մայրիկ> շարժումը միտված է արթնացնելու հայ կանանց զգոնությունը: Մենք կոչ ենք անում բոլոր մայրերին, տատիկներին, քույրերինՙ  միանալ մեզ եւ բարձրաձայնել գերեվարված տղաների խնդիրը: Պետք է պահանջենք կառավարությունից, որ այս խնդիրն օր առաջ լուծում ստանա: Հայ մայրեր, կանայք, դուստրեր, միացե՛ք մեր շարժմանը: Պահանջեք, որ րոպե առաջ վերադարձնեն մեր գերեվարված տղաներին>,- երթի ժամանակ խոսափողով շարժմանը միանալու կոչ էին անում նախաձեռնող կանայք:

<Մենք բոլորից ենք պահանջում, արթնության կոչ ենք անում բոլորին, որպեսզի գան, կանգնեն, պահանջեն: Վերջերս մենք տեսանք, որ տասնինը զինվորի գույժ եկավ թշնամական երկրից, ինչպե՞ս կարող ենք հանգիստ նստել եւ սպասել, թե մեկը կամ մյուսն ինչ կարող է անել: Բա ինչի՞ ենք մենք այսքան տարի պետություն կառուցել, եթե այսօր մեր գերիներին չենք կարող վերադարձնել: Եթե այս իշխանությունները չեն կարող լուծել այդ հարցը, ապա թող օր առաջ վայր դնեն մանդատները: >,- հայտարարեց  շարժման անդամ  Էլիզա Առաքելյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունները հայտարարել են, որ ջանք ու եռանդ չեն խնայում գերիներին վերադարձնելու համար, այդ հարցին ուզում են լուծում տալ միջազգայնորեն ընդունված տարբերակներով, արդյոք դա բավարար չէ՞, նա արձագանքեց.

«Ո՛չ, իհարկե, դա մեզ չի բավարարում: Եկեք, մի երկու տարի էլ ջանք ու եռանդ չխնայենք, ամեն օր արթնանանք, Ֆեյսբուքյան տիրույթում արտաճմլիկ կոչեր անենք: Եթե իրենք չեն կարող այդ հարցը լուծել, թող գնան, թող գա մեկը, ով կկարողանա այդ հարցը լուծել: Ալիեւի վրա պետք չէ ազդեցություն գործել, ընդամենը քո երկրի օրինական շահը պետք է պաշտպանես: Միջազգային օրենք կա գերիների մասին, նույնիսկ 2020թ.  նոյեմբերի  9-ին ստորագրված փաստաթղթում կա կետ, որ բոլոր գերիներըՙ  մինչեւ վերջին մարդը, պետք է վերադարձվեն>:

Երգչուհի, երգահան Սրբուհի Ստամբոլցյանն էլ լրագրողների հետ զրույցում նկատեց, որ իրենց խնդիրը հասարակությանը ձայնը լսելի դարձնելն է: Նա նշեց, որ իրենք այս շարժմամբ ուզում են ամեն ինչ անել, որպեսզի կուսակցությունները, քաղաքական ուժերը չընկնեն թմբիրի մեջ նախընտրական շրջանում: Նա վերստին հավաստեց,  որ այդ շարժումը ապաքաղաքական է, մտերիմներն ու համախոհներն են միավորվում, որպեսզի կարողանան հասնել գերիների ազատմանը:

Թագուհի Հակոբյան