Մանախի ձերբակալությունը ճանաչվեց անօրինական

129

Մայիսի 15-ին, Տեղ գյուղում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է և բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժանմունք ազատամարտիկ, հրամանատար, 44 -ամյա Արթուր Այվազյանը՝ հայտնի Մանախը, որը պատերազմի առաջին օրվանից որպես կամավոր կռվել է Արցախում և մինչ օրս տուն չի դարձել: Այսօր քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան: Դատարանի որոշմամբ կալանքի միջնորդությունը մերժվեց, ձերբակալումը ճանաչվեց անօրինական:

44-օրյա պատերազմից հետո Մանախը շարունակել է իր զորախմբի հերոսական տղաների հետ մնալ դիրքերում՝ ԼՂՀ-ում, ապա Սյունիքի մարզում, պաշտպանելով հարավային սահմանը հնարավոր ոտնձգություններից:

Վերջին օրերին նա բազմիցս սոցցանցերի միջոցով քննադատել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինաթափելու քաղաքականությունը, պահանջել է, որ ազատամարտիկներին և կամավորներին զինեն, մենակ չթողնեն մինչև ականջները զինված թշնամու զինուժի առաջ:  

Ըստ տարածված լուրերի, մայիսի 14-ին Արթուր Այվազյանը իր զորախմբի մի քանի տղաների հետ փորձել է ակցիա իրականացնել, պահանջելով : Ինչ-որ անձինք վեճի են բռնվել տղաների հետ, որից հետո ոստիկանությունը բերման ենթարկել Մանախին և նրա ընկերներին:

Ոստիկանությունը դեպքի առթիվ հաղորդել է. «Մայիսի 14-ին, ժամը 15.30-ի սահմաններում, մի խումբ անձինք Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում փակել էին Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը և 10-15 րոպե կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ քաշքշել էին ճանապարհը բացել պահանջող քաղաքացիներին: Ժամը 17.47-ին 8 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Գորիսի բաժին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով /«Խուլիգանություն»/: Մեկ անձ ձերբակալվել է։ Ձերբակալված 44-ամյա տղամարդը ոստիկանության Գորիսի բաժնում բռունցքով կոտրել է աշխատասենյակներից մեկի պատուհանի ապակին։ Կատարվում է նախաքննություն»։

Արթուր Այվազյանի պաշտպան Հայկ Ալումյանը Forrights.am-ին հայտնեց, որ Արթուր Այվազյանն ու նրա ընկերները նպատակ են ունեցել միջպետական ճանապարհը կարճատև ժամանակով փակելով, ժողովրդի և իշխանության ուշադրությունը գրավել Սյունքում տեղի ունեցած աղետալի միջադեպի վրա, երբ ադրբեջանցի զինծառայողները, հատելով Հայաստանի սահմանը, հիմնավորվել էին Սև լճի տարածքում: «Իշխանության ներկայացուցիչնեչի մի մասը ասում էր՝ նրանք մոլորվել են, մյուսները ասում էին՝ սահմանը չափում են, գնան: Այս մարդիկ իմացել են, իրականությունն ինչ է, քանի որ իրենք սահմանի վրա էին, եւ որոշել են կարճատև ակցիա անեն, որպեսզի մարդկանց ստիպեն ուշադրություն դարձնել այդ պրոբլեմի վրա, — նշեց Հայկ Ալումյանը, — տղաները գալիս են, որ այդ ակցիան անեն, ու այնտեղ իրենց արդեն մարդիկ են սպասում, Տեղ գյուղի բնակիչներ, որոնց մեջ մեծ թվով Սյունիքի մարզպետի բարեկամներն ու ազգականներն են լինում, որոնք ասում են, որ չեն թողնելու ակցիա իրականացնեն, որ տղաները պետք է թողնեն, այնտեղից հեռանան: Վիճաբանություն է առաջանում, գյուղի բնակիչները ուժ կիրառելով, նրանց հեռացնում են»:

Ոստիկանությունը շեշտում է, որ Այվազյանը ապակի են ջարդել, ճիշտ է՞: «Ինձ հետ էլ է պատահել, որ ապակի եմ ջարդել: Մեր իշխանությունների ատամը չի կտրում, որ թուրքերին պատասխանատվության ենթարկեն: Ես այդ քննիչներին հարցնում եմ՝ լավ, ադրբեջանցիները որ եկել են մեր հողերի վրա, դա քննչական ենթակայության տերիտորիա չի, բա նրանք ոչ մի բան չեն խախտե՞լ: Դու ո՞ւմ ես եկել- ձերբակալում, թուրքի դեմ պայքարողի՞ն ես ձերբակալում»: 

Ի դեպ, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին Սյունիքի դատախազի տեղակալն է:

Մանախի ընկերներից Ռոբերտ Մովսեսյանն ասում է.

«Ասում են՝ իբրև գյուղացիների հետ է կռիվ եղել, բայց արդեն պարզ է, որ դրանք մարզպետի  ներկայացուցիչներն են եղել այդ սադրիչները, որոնք պռովոկացիա են արել ճանապարհը փակելու ժամանակ: Նրանք սարքել են քաշքշուկ, որ ոստիկանությունը գա ու բոլորին տանի: Մի քանի հոգու տարել են, բայց մենակ Մանախին են բռնել, մյուսներին բաց են թողել»:  

Արթուր Այվազյանի մյուս զինակից ընկերը՝ Արթուր Մայիլյանը, որը 44-ամյա պատերազմի օրերին Ռուսաստանից եկել էր Հայաստան, հայրենիքի համար պայքարելու և որը կրկին ՌԴ-ում է, Forrights.am-ին հայտնեց.

«Կարծում եմ, այդ գյուղացիները հատուկ ուղարկված են եղել, որ առիթ ստեղծեն ոստիկանների համար, որ տանեն տղաներին: Չգիտեմ, թե պատճառն ինչն է եղել, անզեն են եղել իրենք: Պատերազմի օրերին իրար հետ ենք եղել, հետո էլ եղել ենք տարբեր քաղաքներում ու գյուղերում: Ես ՌԴ բնակիչ եմ, բայց պետք եղած ժամանակ հաստատ էլի իրենց կողքը կանգնելու եմ: Արթուրի միտքը ու ուզածը բոլորի սրտով է: Նա ոչ մի կուսակցությա ն հետ կապ չունի: Մեզ նման մարդիկ շատ են պետք»:

Սյուզան Սիմոնյան