22-ամյա Հարություն Թիլիքյանը 6 տարի ռազմական ուսումնարանում որպես ռազմաբժիշկ սովորելուց հետո 2020 թ.-ի ամռանը զորակոչվել էր բանակ:  Ծառայակիցների խոսքով` պատերազմին մասնակցած իրենց գունդը բաղկացած է եղել 1800 հոգուց, սակայն պատերազմից վերադարձել են 400-450 հոգին միայն: Հարությունը ողջ մնացածների թվում չի եղել:

Զինվորը ամեն օր զանգահարել է հարազատներին, վերջին զանգը եղել է սեպտեմբերի 30- ին, ծնողներին հուսադրել է, ասել է, թե արդեն ապահով տեղում է, իրեն ու մյուս նորակոչիկներին որեւէ վտանգ չի սպառնում: Բայց պարզվեց, որ առաջնագծում էր` Ջաբրայիլում:

Ծնողները պատմում են` չնայած Հարությունը պատրաստվում էր ամբողջ կյանքը բժշկությանը նվիրել, բազմաթիվ հետաքրքրություններ ուներ ու անընդհատ փորձում էր նոր բան սովորել:

«Շատ լուրջ ու ազնիվ տղա էր: Լավ ջութակ էր նվագում, խումբ էին կազմել: Լավ սպորտսմեն էր` բոքսով էր զբաղվում, շախմատով էր պարապում»,- ասում է հայրը՝ Դավիթ Թիլիքյանը: 

«Հարությունս սիրում էր Հայաստանը, հայրենիքը սրբություն էր նրա համար: Անգամ մտածում եմ` նա գերադասեց հայրենիքը, քան մեզ»,- ասում է զոհված զինվորի մայր` Մարգո Մկրտչյանը: Նա պատմում է, որ մինչեւ վերջին պահը հույս է ունեցել, որ որդին ողջ է ու կվերադառնա.

«Բոլոր զինվորների հետ մեկ առ մեկ ապրել ենք ամեն իրավիճակը, զոհվածի հետ զոհվել ենք, վիրավորի հետ վիրավորվել ենք, այրվողի հետ այրվել ենք, Աստծո հետ կռիվ ենք տվել… դաժան է եղել իրականությունը, շատ դաժան: Աղոթում էի Աստծուն, որ ինչ-որ ձեւով գտնենք իմ տղուն: Չգիտեի ինչ է կատարվում: Մինչեւ վերջին օրը, վերջին ժամը սպասում էի»:

Հարությունի հոր` Դավիթ Թիլիքյանի խոսքով, իր համար տարակուսելի է, որ բժշկական գիտելիքներ ունեցող իր որդուն հրամանատարությունը կարգել է գնդացրորդ .«Տղայիս զորակոչել են հուլիսի 16- ին, տարել են 14 օր կարանտին է անցել… տարել են այնտեղ որպես պուլիմյոտչիկ: Նա նորակոչիկ էր, բայց տարել են առաջին գիծ… Աբսուրդն այն է, որ բժիշկին տարել են խրամատում կռվելու, տարել են իբրեւ սովորական զինվոր: Այնտեղ նա, իհարկե, օգնել է վիրավորներին, կռվել է, հետո մի արկը պայթել է կողքին: Ընկերը վիրավորվել է, ինքը` զոհվել»:

Զոհված զինվորի հայրն ասում է, որ հնարավորություն չի ունեցել որդու հրամանատարներից որեւէ մեկից հարցնել, թե ինչու է նման բան արվել. «Խոսում են, որ առաջնագծի զինվորները փախել են, էդ պատճառով հետո առաջնագիծ նորակոչիկներին են հանել: Ինչո՞ւ են նման բան արել: Նորակոչիկը զենք օգտագործել չգիտի…» 

Հայրը շնորհակալ է որդու հետ ծառայած այն զինվորներին, ովքեր փաթաթել ու պահել են որդու մասունքները. «Ես շատ շնորհակալ եմ: Եթե այդպես չանեին, կարող էինք երբեք չգտնել նրան: Հունվարի 30-ին բերեցին նրան, ԴՆԹ-ով հաստատված… Մարդիկ կան` փորձում են մեզ հույս տալ, թե մենակ դուք չեք, հազարավոր ծնողներ են կորցրել իրենց որդիներին: Այդ հազարները հազար անգամ մեր վիշտը մեծացնում են, դա մխիթարանք չէ: Կրկնակի ենք ցավում, կրկնակի ենք ափսոսում այդ մարդկանց համար»:

 Անի Գևորգյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest