«Հրամանատարիս պարտական եմ, անգամ վիրավոր վիճակում ամեն ինչ անում էր, որ փրկվեինք․ իր գործը պատվով արեց, ափսոս՝ գնաց»

556

Բյուրեղավանցի Հրաչ Խաչատրյանը մեկն է այն հինգ զինծառայողներից, որոնք ողջ մնացին պատերազմի երրորդ օրը Հադրութում որոտացած տանկի հարվածից։

18-ամյա Հրաչը բանակ էր զորակոչվել նախորդ տարվա ամռանը, սկզբում ծառայության անցել Մարտունի 2-ում, ապա մեկ ամիս անց տեղափոխվել Հադրութի զորամաս․ վարորդ էր։

Առաջնագծում լարվածության մասին զինծառայողն իմացել է պատերազմից երկու օր առաջ․ հրամանատարական անձնակազմը զորամասին զգուշացրել է զգոն լինել և անցնել ավելի խիստ մարտական պատրաստվածության․

«Ամսի 27-ին, ժամը 07։03-ի կողմերն էր, գնում էինք ճաշարան, ճամփին կրակոցների ձեն լսեցինք, մեզ թվաց՝ կրակայինում պատրաստածություն են անցնում։ Հետո հասկացանք՝ Հադրութի տների վրա են կրակում ու էդ պահին մեր ճաշարանը ռմբակոծեցին, արագ վազելով մտանք շենքերի նկուղները, հետո պայթեցրին ավտոպարկի բենզալցակայանը․․․պատերազմը սկսվեց»,- Forrights-ի հետ զրույցում վերհիշում է զինծառայողը։

Հրաչն առաջիններից էր, ում արագ հանեցին ապաստարանից և որպես վարորդ պատրաստեցին ուղարկել երրորդ գիծ, սակայն ճանապարհին հասկացան, որ դիմացի երկու պոստերն արդեն ադրբեջանական վերահսկողության տակ են։ Եվ  երեք ամսվա զինծառայող Հրաչը միանգամից բարձրացավ առաջին գիծ․

«Ընդհանրապես վախ չկար, տպավորություն էր, թե Ապրիլյանի ժամանակվա նման մի քանի օր ա տևելու»։

Զինծառայողի համար իրական պատերազմն իսկապես կարճ է տևում․ Հրաչը վիրավորվում է պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին՝ խրամատում, երբ իրենց 20 հոգանոց դասակի ուղղությամբ ադրբեջանական երկու տանկ էր «աշխատում»․

«Դիտակետի մոտ զգում էինք, որ մեզ արդեն ֆիքսել են։ Առաջին հարվածը խփեցին, հրամանատարիս՝ Ղազարյան Դավիթի ոտքերը վերևից կտրվեց՝ տեղում զոհվեց, ընկերոջս վիզը պոկվեց, մյուս ընկերոջս ոտքն էլ թաթից առանձնացավ, ես էլ ծանր վիրավորվեցի՝ ձեռքս ու ոտքերս կտրվեցին, դաստակս հազիվ ձեռքով պահեցի, որ մաշկիցս կպոկվի․․․Հրամանատարիս ամեն ինչով պարտական եմ, անգամ վիրավոր վիճակում ամեն ինչ անում էր, որ փրկվեինք, մինչև վերջ իր գործը պատվով արեց, ափսոս՝ գնաց»։

Առանց ժամանակ կորցնելու Հրաչին սկզբում տանում են Հադրութի, ապա՝ Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ վիրահատում են ոտքը, ինչից հետո տեղափոխում Գորիս, ապա՝ Երևան։ Այս ամբողջը մեկ օրում է կատարվում, ինչի շնորհիվ հնարավոր է լինում փրկել զինծառայողին։

Որդու վիրավորվելու ժամանակ մայրը՝ տիկին Հռիփսիմեն, եկեղեցում է եղել, ասում է՝ մոմը ձեռքիս վատացա, ոնց որ զգայի ամեն ինչը։ Հրաչի հետ մշտապես կապի մեջ գտնվող ծնողները տղայից լուր չունեին երկու օր, միակ հույսը՝ Աստված էր․

«Սեպտեմբերի 27-ը շատ դաժան ենք դիմավորել, 07։12 Հրաչս զանգեց ասեց՝ պատերազմ ա սկսում, մենք պոստեր ենք բարձրանում։ Վախեցա, ասում եմ՝ դուք նորմալ զենք բռնել չգիտեք, ի՞նչ պատերազմ, չվախեցավ՝ մեր անհրաժեշտությունը կա, մնացածը՝ անկարևոր ա։ Երկու օր չզանգեց, վատ կանխազգացում ունեի: Ամսի 30-ի գիշերը զանգեց ասեց՝ թեթև վիրավոր եմ, այնինչ՝ ձեռքն ու ոտքերը անտանելի վիճակում էին։ Երեխես տեսավ ու զգաց էն, ինչ մենք լսել էինք մեր ծնողներից»,-պատմում է զինվորի մայրը՝ 39-ամյա Հռիփսիմե Գալստյանը։

Արդեն Մուրացանի հոսպիտալում Հրաչի ոտքերը երկաթներով հավաքվել և պրոթեզավորվել է, դաստակը՝ վիրահատվել։ Չնայած հիվանդանոցից դուրս է գրվել նոյեմբերի 17-ին, սակայն մինչ օրս շարունակվում է վերականգնողական աշխատանքները։

Քննչական կոմիտեն արդեն հանդիպել և զննել է տղային, համոզվելով, որ Հրաչն ինքն իրեն չի վնասել՝ ծառայությունից ազատվելու համար։ 18-ամյա երիտասարդին այս դիպվածը ծիծաղելի է թվում․ եթե ոտքերի հետ որևէ խնդիր չլիներ, նա այսօր էլ կշարունակեր ծառայությունը, քանի որ Արցախում ավելին է կորցրել, քան ուղղակի դիրքերը․

«Եթե կարողանայի նորմալ քայլել, վազել, էսօր տանը նստած չէի լինի, թեկուզ ծառայությունը չորս տարի լիներ՝ կգնայի։ Իմ, ընկերների արյունն ա թափվել, ինչ-որ մի ձայն կանչում ա ինձ էնտեղից»։

Պատերազմի ավարտից հետո Հրաչը դաստակին իրեն կցված ձեքն ու խաչ է դաջվածք արել։ Ցույց տալով դաջվածքը՝ բացատրում է նշանակությունը․

«Ավտոմատով կռիվ տվեցի՝ խաչը պահեց»։

https://www.youtube.com/watch?v=Wuh1oCyiVUQ

Ռոզա Վարդանյան
Լուսանկարները և տեսանյութը՝ Աստղիկ Գաուդյանի