Արդեն երրորդ օրն է Սյունիք մարզի Սեւ լճի տարածքում լարված իրավիճակ է: Պաշտոնապես հաստատվեց, որ ադրբեջանական Զինուժը մտել է Հայաստանի սուվերեն տարածք եւ առաջացել է 3,5 կմ: Այս տեղեկությունը պաշտոնական Երեւանը հրապարակեց մայիսի 12-ին՝ կեսգիշերին մոտ, իսկ մինչ այդ՝ ամբողջ օրվա ընթացքում, լրատվամիջոցները, տելեգրամյան ալիքները եւ ֆեյբուքյան օգտատերերը Սյունիքում տիրող իրավիճակի հետ կապված տեղեկություններ էին հրապարակում, թե Սյունիքում մարտեր են ընթանում, հայկական ստորաբաժանումը հայտնվել է շրջափակման մեջ եւ կան վիրավոր հայ զինծառայողներ:
Այս տեղեկությունները պաշտոնապես, թեեւ հերքվեցին, սակայն, երկիրը հասցրեց ամբողջովին մատնվել խուճապի:
Մեդիա հետազոտող Սամվել Մարտիրոսյանը նշում է՝ տեղեկատվական քաոս չէր առաջանա, եթե հանրությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամաբ վստահություն ունենար:
«Պատերազմի հետո հանրության հետ կառավարության կապը լուրջ խարխլված է: Նույն իրավիճակը շարունակվում է այժմ: Կառավարական հանրային հաղորդակցությունը չի աշխատում, քանի որ այն հիմնականում հերքումներ են: Ընթացքում ինչ-որ կատարվում է հանրությանը չի տեղեկացվում: Կառավարությունն ունի վստահության վերականգման խնդիր, որը հեշտ չի լինելու»,- ասում է մեդիափորձագետը:
Սամվել Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ պետական կառույցների միջեւ չկա տարանջատում, թե իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները ինչպես պետք է հրապարակվեն:
«Տեղեկատվությունը տեր չունի: Կան իրավիճակներ, որ բոլոր գերատեսչությունները սկսում են լուսաբանել իրադարձությունները: Դա միաժամանակ անում է նախարարությունը, մարզպետի օգնականը, նախկին մարզպետի տեղակալը եւ այլն: Յուրաքանչյուրն իր տեսակետից է անում, ինչը մարդկանց մոտ քաոս է առաջացնում»,- նշում է նա:
Պետական գերատեսչությունների ուշացած պարզաբանումներն են ներկայացնում ինչն էլ, ըստ Սամվել Մարտիրոսյանի, ամբողջությամբ ճշգրիտ չի լինում, թե իրականում ինչ է կատարվում: «Սա տեղիք է տալիս, որ մարդիկ իրենց ֆանտազիայից ելնելով ավելացնեն, թե ինչ կարող էր այս ամենինչի տակ թաքնված լինել»:
Տեղեկատվական դաշտում անկայություն առաջանում է նաեւ այն պատճառով, որ վերոնշյալ խնդիրներին ավելանում է նաեւ լրատվամիջոցների որդեգրած քաղաքականությունը, ինչը հաճախ հակասում է մասնագիտական էթիկային:
«Կան նաեւ անբարեխիղճ լրագրողներ, որ տեղեկությունները չեն ստուգում, բայց նաեւ կա խնդիր, որ պետությունը բարդացնում է լրագրողների աշխատանքը Սյունիքում: Լրատվամիջոցները քարոզչական գործիք են համարվում այս կամ այն կողմի համար եւ միտումնավոր երանգներ են տալիս իրավիճակին: Այս ամեն ինչը միասին ստեղծում է իրավիճակ, որ միջին քաղաքացին չունի հնարավորություն հասկանալ, թե երկրում ինչ է կատարվում»,- ասում է նա եւ շեշտում, որ առկա իրավիճակը ազգային անվտանգության համար լուրջ խնդիրներ է պարունակում:
«Ինչ-որ պահի ինչ-որ գործընթացներ կարող են դառնալ անկառավարելի, որովհետեւ պետության համար հանրային գործընթացները կառավարելու հիմնական միջոցը հենց տեղեկատվական դաշտն է: Եթե կոնֆլիկտը կրկին սրվի Ադրբեջանի հետ, անկառավարելիության խնդրի հետ կարող ենք բախվել»:
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: