Հայաստանը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին

70

Արդեն երկրորդ օրն է` Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է, Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Պատճառն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքներում հեռացել են զբաղեցրած բնագծերից», — ասաց Փաշինյանը` հավելելով, որ այս պահին դեռևս շուրջ 250 ադրբեջանցիներ գտնվում են ՀՀ պետական սահմաններից ներս` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Ըստ Հայաստանի ղեկավարի` այս սադրանքը կարող է ունենալ ոչ թե տեղային խնդիրներ լուծելու, այլ ռազմական բախում առաջացնելու նպատակ:

«Ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է ՀԱՊԿ հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար», — նշեց Փաշինյանը:

Նա հանձնարարեց մի քանի պաշտոնյաների միջոցներ ձեռնարկել` այս խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, ճգնաժամային իրավիճակներին արձագանքնման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար: Նա նկատեց, որ փոխհրաձգության դեպքեր չկան, սակայն այս ամենն անհրաժեշտ է հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը, կայունությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային իրավիճակի զարգացմանը և իրավիճակի զարգացումից ելնելով` անհրաժեշտության դեպքում գործողություններ կկիրառվեն՝ համապատասխան հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներին ու ՀԱՊԿ-ի կանոնադրությանը: