Կանխվել է Ադրբեջանի դիրքային առաջխաղացումը՝ Վարդենիսի և Սիսիանի հատվածներում

74

Ադրբեջանական զինված ուժերն այսօր կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

«Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ», — նշում է պաշտպանական գերատեսչությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից։

Հիշեցնենք, որ երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հաստատեց՝ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Հաղորդվում էր, որ բանակցություններ էին ընթանում այդ հատվածում: