Ադրբեջանցիների ապօրինի ներկայությունը կոպտորեն խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները

66

Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը: Այս մասին երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները» , — գրել է Թաթոյանը՝ շարունակելով․ — «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար»:

«Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սադրանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը», — ընդգծում է օմբուդսմենը։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է այս հայտարարությունն ուղարկել միջազգային մարմիններին՝ արձանագրումով, թե նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի: