ՀՀ քրեականարողական ծառայության ղեկավարությունը վերջապես արձագանքեց Forrigts.am-ի 10.05 «Հիվանդանոցի պետը դիտավորյալ անտանելի պայմաններ է ստեղծում դատապարտյալի համար» հոդվածին: Դատապարտյալ Հայկ Գալստյանին տեղափոխեցին քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին մեզ հայտնեցին դատապարտյալի հարազատները:
Հիշեցնենք՝ Հայկ Գալստյանին, որն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի խնդիր, նաև հոգեկան պաթոլոգիա, ապրիլի 30-ին տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց՝ բժիշկ Աննա Դանիելյանի ցուցումով, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը, որը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ տղան է, հրաժարվել է կատարել բժշկի ցուցումը, չի տեղափոխել Գալստյանին թերապեւտիկ բաժանմունք, այլ պահել է և փակ ռեժիմային խցում, զրկել է պատշաճ բուժում ստանալու, անգամ մաքուր օդ շնչելու իրավունքից, ապա առանց բժշկի ցուցումի հետ է ուղարկել հիվանդին «Նուբարաշեն» ՔԿՀ: Արտակ Սարգսյանը լարված հարաբերություններ ու վաղեմի թշնամանք ունի Հայկ Գալստյանի հետ:
Պատճառը, ըստ դատապարտյալի հարազատների, երկու տարի առաջ նրանց միջև տեղի ունեցած կոնֆլիկտը: Արտակ Սարգսյանը հայհոյել է Հայկ Գալսըյանին, իսկ վերջինս նրան հարվածել է, ինչի համար դատապարտվել է քրեական օրենսգրքի «Ծեծ» հոդվածով:
Դատապարտյալը փորձել էր վերջ տալ կյանքին, կախվելով խցում սավանի միջոցով, իսկ այն բանից հետո, երբ նրան փրկեցին, կարել է զույգ աչքերը և մայիսի 11-ին հացադուլ էր հայտարարել:
Նույն օրը Հայկ Գալստյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նա դադարեցրել է հացադուլը:
«Էրեբունի» ԲԿ-ում դատապարտյալին զննել է սրտաբանը, ախտորոշվել է բարձր ճնշում, լարման կայուն ստենոկարդիա:
«Նրանք ուզում էին պառկեցնել ամուսնուս «Էրեբունիում», բայց նա հրաժարվել է այնտեղ պառկելուց, քանի որ նա առաջ այնտեղ պառկել էր և գոհ չի եղել բժիշկներից ու այնտեղի գներից: Խորհուրդ են տվել բուժումը շարունակել «Դատապարտյալների հիվանդանոցում»», — հայտնեց դատապարտյալի կինը:
Այսօր Հայկ Գալստյանին կրկին տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: