Գերիների վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքը. ՄԻՊ

68

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի երեկվա պնդումների վերաբերյալ՝ կապված հայ գերիների հետ:

«Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները», — ասված է Արման Թաթոյանի հայտարարությունում։ — «Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային [մարդասիրական] իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի»։

Թաթոյանը շեշտում է՝ «այս հարցն ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ, նրանց ներկայացնելով՝ իբրև ահաբեկիչներ ու անազատության մեջ պահելը, միջազգային կանոնների խախտմամբ, օգտագործելով՝ որպես պատիժ»:

Ադրբեջանի արտգործնախարարը, հիշեցնենք, երեկ մասնավորապես հայտարարել է. — «Անցյալ տարվա նոյեմբեր ամսվա վերջին Հայաստանի զինծառայողների՝ Ադրբեջանի տարածք անօրինական ներթափանցելու, դեկտեմբեր ամսին ադրբեջանցի զինվորականների զոհվելու ու վիրավորվելու հետ կապված միջադեպերը Ադրբեջանի դեմ իրականացված ռազմական հանցագործություն են։ Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»: