Ադրբեջանը փորձում է առաջանալ Իշխանաձորի հատվածում

93

Պաշտպանության նախարարությունը, անդրադառանալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։

Ըստ նրա՝ այս պահին բանակցում են։

«Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Եթե GPS-ով Սև լճի 30 «տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտոնեալ համարում, որ որոշել են հասնել մինչև բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ։ Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կհերքի, բայց լսեք սյունեցիների ահազանգը՝ բոլորիս վերջը գալու է, եթե շարունակենք այս վտանգավոր անտարբերությունը»,-ասվում է գրռաման մեջ։

Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։ ։