Կաշառքի գործով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի դատավարությունը հետաձգվեց։ Նիստին ներկա չէր ամբաստանյալներից 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը։ Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ Գևորգյանը առողջական խնդիրների պատճառով շուրջ մեկ ամիս գտնվելու է ամբուլատոր հսկողության տակ, հետևաբար չի կարող մասնակցել նիստերին։ Նա միջնորդեց հաջորդ դատական նիստը նշանակել մայիսի 25-ից ոչ շուտ։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ առաջարկեց հաջորդ նիստը նշանակել հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, քանր որ իր պաշտպանյալը մասնակցում է ընտրություններին։
«Տվյալ դեպքում մենք գործ ունենք վարույթի հետ որտեղ չկան տուժողներ, որի պայմաններում հանրային շահը յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ սույն գործով մասնակից անձի՝ ընտրություններին լիարժեք մասնակցելու ավելի գերակա է։ Ուղղակի դրանից ելնելով ես առաջարկում եմ, որ պարոն Ալեքսանյանն առաջարկեց մայիսի 25-ից հետո նշանակել դատական նիստը, ես առաջարկում եմ հունիսի 20-ից հետո նշանակել դատական նիստը, այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը նշանակված է հունիսի 20-ին։ Կարող եք նշանակել նաև հունիսի 19-ին, որը լռության օր է», — հայտարարեց Վարդևանյանը՝ նշելով՝ ընտրվելու իրավունքը յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն է։
«Վարդևանյանի կողմից չի ներկայացվել հիմնավոր պատճառաաբանություն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելը կբացառի դատական նիստերի բնականոն ընթացքին», — հայտարարեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով մայիսի 25-ին։
Հիշեցնենք, որ դատարանն արդարացրել է Մարտի 1-ի գործով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին ենթականերին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: