Հիվանդանոցի պետը դիտավորյալ անտանելի պայմաններ է ստեղծում դատապարտյալի համար․ մի ատելության պատմություն

225

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ,  47-ամյա Հայկ Գալստյանը, որը տարաբնույթ առողջական խնդիրներ ունի՝ սրտի իշեմիկ հիվանդությունից մինչև հոգեկան պաթոլոգիա, երեկ, մայիսի 10-ին կարել է զույգ աչքերը:

Մայիսի 5-ին նա փորձել է ինքնասպանություն գործել, կախվելով «Դատապարտյալների հիվանդանոցի» խցում, սակայն փրկել են։ Իսկ այսօր նա հացադուլ է հայտարարել։

Սա հերթական ծայրահեղ միջոցն է ստիպելու կալանավայրերի ղեկավարությանը, որ չզրկեն իրեն օդ շնչելու տարրական իրավունքից:

Հայկ Գալստյանը կալանավայրում է 2014 թվականից: Նրան պարբերաբար տեղափոխում են բուժման նպատակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Այս հիմնարկի  պետ Արտակ Սարգսյանը, որն, ինչպես  հայտնի է, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ որդին է, դաժանորեն է վարվել երկու անգամ սրտի ստենտավորում անցած, հոգեբույժի հսկողության տակ գտնվող դատապարտյալի հետ, նրան պահելով փակ խցում:

Ըստ Հայկ Գալստյանի հարազատների հաղորդած տեղեկությունների, ապրիլի 30-ին նրան տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց՝ պլանային բուժման:  Բժիշկ Աննա Դանիելյանի ցուցումով, նրան պետք է տեղավորեին հիվանդանոցի   թերապևտիկ բաժանմունքում, սակայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանը հրաժարվել է կատարել բժշկի ցուցումը և Հայկ Գալստյանին տեղավորել է փակ ռեժիմային խցում, զրկելով պատշաճ բուժում ստանալու իրավունքից:

Դատապարտյալը պահանջել է, որ իրեն տանեն թերապեւտիկ բաժանմունք, և Արտակ Սարգսյանը խոստացել է, որ երկու օրից կկատարի բժշկի ցուցումը, սակայն խոստումը չի կատարել։ Անցնելով իր լիազորությունները, նա ծանր վիճակում գտնվող հիվանդին լիարժեք մեկուսացման մեջ է պահել, թույլ չի տվել դուրս գալ խցից, մաքուր օդ շնչել, շփվել այլ դատապարտյալների հետ, զրկել է զբոսանքի իրավունքից:

«ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ տղան լիուլի օգտվում է իր պաշտոնավոր ազգականի հովանավորությունից: Վստահ է, որ ինչ էլ անի, Սասուն Խաչատրյանն իրեն ազատելու է պատժից: Նա անգամ վարչության պետ Գոյունյանին չի ենթարկվում: Հայկն էլ բարձրաձայնել է, որ Սասունը չէ, ուզում ա, Սասունի հերը լինի, Սասունը թող գնա, իրա կեղտերը մաքրի, ստեղ չենք խաղում մորքուրի տղա, ու  մեջբերել է Նիկոլի խոսքերը, որ չկա քավոր-սանիկ, մեծ ընտանիք, հովանավորչություն: Բա ո՞ւր ա, որ չկա: Զանգել է կառավարություն՝ 53-70-00, զանգել է «գերիների բաժին», ասել է՝ գեր՞ի են պահում, թ՞ե կալանավոր», — ասում է Հայկ Գալստյանի՝ Forrights.am-ի հետ կապի դուրս եկած կինը:

Նա վստահեցնում է, որ Արտակ Սարգսյանը դաժան վերաբերմունքի պատճառը իր ամուսնու նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում երկու տարի առաջ տեղի ունեցած միջադեպն է:

Այն ժամանակ Արտակ Սարգսյանը, լինելով «Նուբարաշեն» ՔԿՀ հերթափոխի պետ, ներխուժել է տեսակցությունների սենյակ, որտեղ Հայկ Գալստյանը տեսակցում էր կնոջը, և խմիչք մտցնելու պատճառով հայհոյել ու վիրավորական, ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տվել դատապարտյալի հասցեին, ինչից հետո Հայկ Գալստյանը ծեծի է ենթարկել Արտակ Սարգսյանին։ Նա դատապարտվել է «Ծեծ» հոդվածով՝ ազատազրկման նոր ժամկետի դատապարտվելով։

«Այդտեղից էլ քինով է լցվել նա ու հիմա մուռ է հանում ամուսնուցս, որոշել է, որ պետք է պատժի, չթողնի, որ օդ շնչի, պահի  լիարժեք մեկուսացման մեջ: Պատճառաբանում են, թե Հայկը ինքնամեկուսացման հակում ունի, ոչ մեկի հետ չի շփվում, բայց դա ճիշտ չի, նա բոլորի հետ էլ շփվում է, իր սնունդն ու դեղերը տալիս է նրանց, ով կարիք ունի։ Հայկ Գալստյանը հոգեմետ դեղեր է ընդունում,  հիվանդանոցի պետը դա լավ գիտի, բայց փոխանակ իրեն չնեղացնեն, հակառակը՝ բզբզում են, շատ լավ իմանալով, որ նա հունից դուրս կգա»,- ասում է Գալստյանի կինը:

Նա որպես հատուկ վերաբերմունք է դիտարկում այն, որ զանգելով  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, չի կարողացել տարրական տեղեկատվութուն ստանալ իր հիվանդ ամուսնու առողջական վիճակի վերաբերյալ, իմանալ նրա որպիսությունը:

«Զանգեցի հերթապահ բաժին, հարցրեցի՝ ո՞նց է Հայկը, ինձ ագրեսիվ պատասխանեցին՝  դիմում գրեք, կպատասխնենք: 10 օր պետք է սպասեմ, որ իմանամ, ո՞նց է ամուսնուս վիճակը, երբ երկու բառով կարող էին ասել», — հարցնում է նա:

Նաև ահազանգել է Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակ: Այնտեղից եկել են ուսումնասիրության, սակայն ոչնչով չեն օգնել: 

Անգամ քրեակատարողական վարչության պետ Արթուր Գոյունյանը ի վիճակի չէ ազդել Սասուն Խաչատրյանի մորեղբոր որդու վրա։

Ըստ ՔԿՀ աղբյուրի, մայիսի 3-ին քրեակատարողական վարչության աշխատողները գնացել են դատապարտյալների հիվանդանոց՝ ստուգման: Նրանց ասել էին, թե Հայկ Գալստյանը ագրեսիվ է, սակայն նրանք տեսել են, որ նման բան չկա, և համապատասխան տեղեկանք են ուղարկել վարչության պետին:

Վարչության պետը, ըստ ՔԿՀ աղբյուրի, զանգահարել է Արտակ Սարգսյանին և պահանջել է, որ դատապարտյալ Հայկ Գալստյանին ուղարկեն թերապեւտիկ բաժանմունք, սակայն Արտակ Սարգսյանը չի կատարել հրահանգը, ասելով. «Սա իմ հիմնարկն ա, ես եմ որոշում, ոչ թե վարչության պետը»:

Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը Հայկ Գալստյանը, որն ընդամենը պահանջում էր, որ չխախտեն բուժում ստանալու իր իրավունքը, սավանն ամրացնելով իր խցի ճաղավանդակին, կախվել է։ Դա նկատել է «Դատապարտյալների հիվանդանոցի»  հերթափոխի պետ Աշոտ Մանոյանը և փրկել է Գալստյանին:  Մյուս օրը, ամսի 6-ին Հայկ Գալստյանին առանց բժշկի թույլտվության, առանց որևէ մասնագետի հետ խորհրդակցելու դուրս են գրել հիվանդանոցից և տարել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ստացվում է՝ դատապարտյալին բերեցին հիվանդանոց, սակայն պետը թույլ չտվեց, որ նրան բուժեն, և հետ է ուղարկել «Նուբարաշեն»։

ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց Արտակ Սարգսյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու դեպքը։

Նա ընդամենը ասաց «Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի պետը իրավասու չէ որևէ կալանավորի, կամ դատապարտյալի դուրս գրի։ Խնդրում եմ դիմեք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին»։

  • Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող այս ՊՈԱԿ-ից էլ, ինչպես եւ սպասում էինք, զանգերի չպատասխանեցին։ Նախարարությունը վաղուց ազդեցություն չունի ՔԿՀ-ներում կատարվող ապօրինությունների առումով։

Այսօր առավոտյան Հայկ Գալստյանը հացադուլ է հայտարարել, պահանջելով պատասխանատվության ենթարկել «Դատապարտյալների հիվանդանոցի» պետ Արտակ Սարգսյանին, որը դիտավորյալ անտանելի պայմաններ է ստեղծել իր համար:

Սյուզան Սիմոնյան